
Նույն օրը, ինչպես ավելի վաղ դիտարկել ենք, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ռազմականացնում է Եվրոպան և նախապատրաստում Ռուսաստանի հետ դիմակայության»: Նա, ընդսմին, ընդգծել է, որ այդ ծրագրավորումներում Ուկրաինային հատկացվում է առանձնակի դերակատարություն: Լավրովի հայտարարությունից բառացիորեն ժամեր անց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է եվրոպական երկրների ռազմաարդյունաբերական այն ընկերությունների անվանացանկը, որ Ուկրաինայի հետ համատեղ կամ միայն նրա համար ԱԹՍ-եր, հեռահար հրթիռներ, այլ սպառազինություններ և կոմպլեկտավորող մասեր են արտադրում:
Արդեն ապրիլի 16-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան գրառում է կատարել և զգուշացրել, որ պաշտպանության նախարարության այդ հրապարակումը վկայում է, որ իրավիճակի փոփոխության դեպքում բոլոր այդ ձեռնարկությունները «կդիտվեն որպես օրինական թիրախ»: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, Ուկրաինան սպառազինությունների համատեղ արտադրություն ունի Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում: ՌԴ ԱԽ նախագահի տեղակալը փաստացի այդ երկրներին սպառնում է «թիրախային հարվածներով»:
«Նեզավիսիմայա գազետան» պարզել է, թե «Ռամշտայնի ձևաչափով» հանդիպման արդյունքներով ինչ սպառազինություններ կարող է ստանալ Ուկրաինան: Խոսքն, ընդ որում, առաջիկա ամիսների մասին է: Որքանո՞վ են ստույգ այդ տվյալները, պարբերականը չի մանրամասնել, բայց վկայակոչել է Ուկրաինայի նախագահի հայտարարությունը, ըստ որի Կիևը տրամադրության տակ «կան ավելի մեծ հնարավորություններ, որպեսզի շարունակի դիմակայել Ռուսաստանի ագրեսիային»:
Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Սիրսկին հավաստիացրել է, որ «ռազմաճակատում ուժերի ներկայիս հարաբերակցությունը թույլ է տալիս ծրագրել մարտական գործողությունների հակառակորդի տարածք տեղափոխումը»: Սա, երևի, «շատ լավատեսական» հայտարարություն է, բայց, կարծես, նաև փաստ է, որ Ռուսաստանը շատ հեռու է «հատուկ ռազմական գործողությամբ նախանշված նպատակներին» հասնելուց: Իսկ ավանդական զորահանդեսին մեկ ամսից պակաս ժամանակ է մնում: