16 ապրիլի 2026 – 15:10 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի եղել։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել են, թե այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից։ Ըստ այդ հրապարակումների՝ ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 960 դոլար։
«Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,–նշել են ՊԵԿ-ից։
Մոտ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թվականի դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստանի Տավուշի մարզի «Այրում» կայարան է հասել 22 վագոնից բաղկացած գնացք՝ բեռնված 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
Ադրբեջանի մաքսային տվյալների համաձայն՝ 2026-ի հունվարին Հայաստան է արտահանվել 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք, ինչը կազմել է երկրի ընդհանուր արտահանման 0․1 տոկոսը։ Այս տարվա առաջին եռամսյակում, ըստ նույն աղբյուրի, Հայաստան է արտահանվել մոտ 5․8 մլն դոլարի արտադրանք։