Իսրայելում հայ լինելը նշանակում է ապրել երկու զուգահեռ իրականությունների արանքում։ Մի կողմից՝ երկինքը պարբերաբար պատռող հրթիռների տարափն է, մյուս կողմից՝ լուռ, բայց ոչ պակաս վտանգավոր տեղեկատվական պատերազմը։
«Սփյուռքի ձայնի» եթերում Պետախ Տիկվայի «Նաիրի» միության հիմնադիր, «Իսրայելահայեր» ամսագրի խմբագիր Արտյոմ Չերնամորյանը բացահայտել է այն մանրամասները, որոնք հաճախ դուրս են մնում պաշտոնական լրահոսից։
Պետախ Տիկվա․ ինչո՞ւ հենց հայաշատ քաղաքը
Ռազմական վերջին գործողությունների ընթացքում Պետախ Տիկվան հայտնվել էր կրակի կենտրոնում։ Քաղաքը, որտեղ ապրում է շուրջ 1000 հայ, թիրախավորվել էր ավելի շատ, քան անգամ Թել Ավիվը։ Արտյոմ Չերնամորյանը սա պատահականություն չի համարում։ Նրա խոսքով՝ Իսրայելում ծագումով ադրբեջանցիների ստվար զանգվածի առկայությունը (շուրջ 100,000 մարդ) լուրջ կասկածների տեղիք է տալիս։
«Ես կասկածում եմ, որ Պետախ Տիկվայում կա ադրբեջանական ստվար զանգված, որը լրտեսել է և քաղաքի մասին տեղեկություններ հայտնել Իրանին»,- նշում է նա՝ հիշեցնելով վերջերս բացահայտված լրտեսական դեպքերը։
Կյանքը «Աստղային պատերազմների» տեսարաններում
Մինչ երկրի կենտրոնում հարաբերական անդորր է, հյուսիսում՝ Հայֆայում և սահմանամերձ շրջաններում, 3000 հայեր շարունակում են ապրել հրթիռակոծությունների տակ։ «Տեսարանները հիշեցնում են մարտաֆիլմեր,- ասում է,- բնակավայրի գլխավերևում տեսնում ես, թե ինչպես է իսրայելյան օդուժը հրթիռահարում Հեզբոլլահի դիրքերը։ Կարծես «Աստղային պատերազմներից» դրվագներ լինեն»։
Չնայած վտանգին՝ իսրայելահայերի 99%-ը նախընտրել է չլքել երկիրը։ Սա ոչ միայն սոցիալական կապվածության, այլև առաքելության հարց է։
Երուսաղեմ․ սահմանապահները՝ Սուրբ Տաճարում
Ինտրիգային է մնում նաև Երուսաղեմի հայկական թաղամասի ու «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված իրավիճակը։ Արտյոմը շեշտում է, որ հայերի ներկայությունը Իսրայելում ունի ռազմավարական նշանակություն ամբողջ հայության համար։
«Երբ դուք՝ որպես հայ ուխտավոր, մոտենում եք Քրիստոսի Սուրբ Հարության տաճարին ու ասում՝ «Ես Հայաստանից եմ», 3000 հոգի շվարած նայում են, թե ինչպես դուք ունեք առանձնահատուկ իրավունք առանձին մուտք գործելու Տիրոջ գերեզման։ Այդ իրավունքները պահելու համար մենք այստեղ սահմանապահ ենք»։
Նավթադոլարներ ընդդեմ հայկական լոբբիի․ միայնակ մարտիկները
Մինչ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ներդնում իսրայելական առաջատար լրատվամիջոցներում՝ հակահայկական տրամադրություններ սերմանելու համար, տեղի հայկական կազմակերպությունները մնացել են բախտի քմահաճույքին։ Արտյոմ Չերնամորյանը բաց տեքստով քննադատում է ՀՀ կառավարության անտարբերությունը․
«Մեր կառավարությունը երբևէ մի կոպեկ չի տվել հայկական կազմակերպություններին։ Մտածում են՝ մենք այստեղ անձնվեր, առանց ֆինանսավորման պետք է գիշեր-ցերեկ կռիվ տանք ադրբեջանական միլիոնների դեմ։ Բայց սա այդպես չի աշխատում»։
Դեգրադացիա և հակասեմականություն․ հայացք ներսից
Հոդվածի ամենաինտրիգային ու միգուցե վիճահարույց հատվածը վերաբերում է հենց Հայաստանի ներսում տիրող բարոյահոգեբանական վիճակին։ Նա ցավով նկատում է, որ Հայաստանում մեծացել է անհանդուրժողականությունը հրեա ժողովրդի նկատմամբ, ինչը հաճախ սնվում է արտաքին ապատեղեկատվությամբ։ Նրա կարծիքով՝ սա միայն վնասում է Իսրայելի հայ համայնքին՝ նրանց դարձնելով ավելի խոցելի տեղի հասարակության աչքերում։
Իսրայելահայությունն այսօր կանգնած է պատմական փորձության առջև։ Նրանք մնում են՝ պահպանելու դարավոր իրավունքները, բայց ակնկալում են, որ հայրենիքը իրենց կդիտարկի ոչ թե որպես զուտ վիճակագրություն, այլ որպես հայկական շահի առաջնագիծ։ «Մենք տենչում ենք խաղաղություն՝ իսրայելահայերի, լիբանանահայերի, իրանահայերի ու հայաստանցիների համար, բայց մինչ այդ՝ մնում ենք մեր պոստերում»։