ԱՄՆ Սենատը դեմ է քվեարկել Իսրայելին զենքի վաճառքի դադարեցմանը

ԱՄՆ Սենատում ձախողվել է Իսրայելին զենքի վաճառքը կասեցնելու նախաձեռնությունը, որը վերաբերում էր տանկային արկերին, ականանետերին և բարձր ճշգրտության ռումբերին։ Քվեարկության արդյունքում օրենսդիրների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը չդադարեցնելուն, և նախագիծը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։

Օրինագծի հեղինակը սենատոր Բերնի Սանդերսն էր, որին աջակցում էին մի խումբ դեմոկրատներ։ Չնայած նախաձեռնությանը կողմ է քվեարկել ավելի քան 30 սենատոր, դա բավարար չի եղել փաստաթղթի ընդունման համար։ Առաջարկի կողմնակիցները իրենց դիրքորոշումը հիմնավորում էին Գազայի հատվածում տիրող հումանիտար իրավիճակով և քաղաքացիական բնակչության անվտանգության վերաբերյալ մտահոգություններով։

Նախագծին հիմնականում դեմ են եղել հանրապետականները և մի քանի դեմոկրատ սենատորներ։ Ընդդիմախոսների պնդմամբ՝ ռազմական աջակցության դադարեցումը կարող է խոցելի դարձնել Իսրայելի պաշտպանունակությունը տարածաշրջանային սպառնալիքների ֆոնին։ Սպիտակ տունը ևս հորդորել էր սենատորներին մերժել նախաձեռնությունը՝ մատնանշելով դաշնակցային պարտավորությունների պահպանման անհրաժեշտությունը։

Leave a Comment