Փաստաբանները «լրացուցիչ վճիռ» են պահանջել ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշման դատական նիստին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման վերաբերյալ դատական նիստն այսօր շարունակվել է, փաստաբանները «լրացուցիչ վճիռ» են պահանջել:

ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալոյանը հայտարարել է, որ հանձնաժողովը լիցենզիան դադարեցնելու համար ներկայացրել էր 7 հիմք։ Դատարանը, ուսումնասիրելով գործը, իր պատճառաբանական մասում արձանագրել է, որ դրանցից 4-ը ոչ իրավաչափ են։ Չնայած պատճառաբանական մասում 4 հիմքերի մերժմանը՝ վճռի եզրափակիչ հատվածում դատարանը պարզապես նշել է, որ հայցը ենթակա է մերժման՝ առանց այդ կարևոր արձանագրումների, նշել է Ալոյանը։

Փաստաբանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ կայացնելու լրացուցիչ վճիռ, որպեսզի պաշտոնապես ֆիքսվի, որ 7 հիմքերից 4-ն անօրինական են։ Սա թույլ կտա վերադաս ատյանում բողոքարկել ոչ թե ամբողջ վճիռը, այլ միայն մնացած 3 կետերը։

Դատարանը հեռացել է որոշում կայացնելու։ Լրացուցիչ վճռի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 23-ին։

ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկել էր 2025 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ: Կարապետյանի «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն վիճարկել էր ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշումը՝ հայտարարելով այդ քայլը հիմնավորող ապացույցների բացակայության մասին։ Դատարանը մարտի 27-ին մերժել էր հայցը։

Ընկերության ներկայացուցիչներ, ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը և փաստաբան Արամ Օրբելյանը գործընթացը որակել են որպես քաղաքական ուղղորդված ճնշում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ։

Leave a Comment