Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում պատմական ձեռքբերում է համարում կենսաթոշակների բարձրացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց Ազգային ժողովում ելույթի ընթացքում:
«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների կողմից ստացվող եկամուտը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, որը կազմում է 61 հազար 760 դրամ վերջին տվյալների համաձայն:
Նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկի մեջ 6000 դրամ առողջապահական ծախսերն են»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց՝ այս նվաճումն արձանագրվում է հեղափոխությունից 8 տարի անց, քանի որ Կառավարությունը հետևողականորեն և քայլ առ քայլ գնացել է այս ճանապարհով: «Մենք նախ նվազագույն թոշակն ենք կրկնապատկել 2019 թվականին:
Հետո մենք հաջորդ քայլով նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, որ համոզված լինենք, որ Հայաստանում սոված թոշակառու չկա: Սա հիրավի պատմական ձեռքբերում է թոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում»,- նշեց վարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հատկացումների ավելացումներ են արձանագրվել նաև կրթության, գիտության և սոցիալական նպաստների ուղղություններով: