ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցցանցի իր էջում հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մշտական վերաբացումն իրականացնում է ինչպես Չինաստանի, այնպես էլ՝ ողջ աշխարհի համար, խոստանալով, որ այս ճգնաժամային իրավիճակն այլևս չի կրկնվի։
Թրամփը նշել է, որ Պեկինի հետ համաձայնություն է ձեռք բերվել Իրանին զենք չմատակարարելու վերաբերյալ, և բարձր է գնահատել Սի Ցզինպինի հետ համագործակցությունը։
«Չինաստանը շատ ուրախ է, որ ես ընդմիշտ բացում եմ Հորմուզի նեղուցը։ Ես դա անում եմ նաև նրանց և ամբողջ աշխարհի համար։ Այս իրավիճակը այլևս երբեք չի կրկնվի։ Նրանք համաձայնել են զենք չուղարկել Իրան։ Նախագահ Սին, երբ մի քանի շաբաթից հասնեմ այնտեղ, ինձ մի մեծ, ջերմ գրկախառնություն կտա։ Մենք խելացի ձևով համագործակցում ենք և շատ լավ ենք աշխատում միասին։ Մի՞թե դա ավելի լավ չէ, քան պատերազմելը։ Բայց հիշեք՝ մենք շատ լավ ենք նաև կռվելու մեջ, եթե հարկ լինի, շատ ավելի լավ, քան որևէ մեկը»,- գրել է Թրամփը։
