Երևանի Կիևյան փողոցի պատմամշակութային շենքում խախտումներով շինարարություն իրականացրած ճարտարապետ Արսեն Ավետիսյանի հայցն ընդդեմ «Հետք»-ի մերժվեց անհիմն լինելու պատճառով։ Վճիռը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Աթանեսյանը։
Արսեն Ավետիսյանը դատարան հայց էր ներկայացրել «Հետք»-ում 2024 և 2025 թվականներին հրապարակված երկու հոդվածի պատճառով, որոնք, ըստ նրա, զրպարտել են իր բարի համբավը։ Հոդվածներից առաջինում ներկայացրել էինք, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակից, մասնագիտությամբ ճարտարապետ Արսեն Ավետիսյանը խախտումներով շինարարություն իրականացրել և վնասել պատմամշակութային շենքը, իսկ երկրորդում անդրադարձել էինք նույն թեմայի վերաբերյալ զարգացումներին, քանի որ մեր առաջին հոդվածից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Ճարտարապետը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից պահանջել էր հերքել հոդվածներում ներկայացված փաստերն ու դրանց վերաբերյալ մեկնաբանությունները, ինչպես նաև իրեն հատուցել 6 միլիոն դրամ։ Դատարանն ամիսներ առաջ մերժել էր Ա․ Ավետիսյանի հայցի մի մասը, քանի որ նա բաց էր թողել դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետը։ Մյուս մասով առանձին դատաքննություն է իրականացվել։
Հայցվորը դատարանին հայտնել էր, որ «Հետք»-ի հոդվածները հսկայական վնաս են հասցրել իր հեղինակությանը «բազմահազարանոց մասնագիտական հանրույթում՝ աշխատակիցների և ուսանողների շրջանում»: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գրիշա Բալասանյանն էլ դատարան ներկայացրած հայցի պատասխանում նշել է, որ լրագրողական նյութում շարադրված փաստերը համապատասխանում են իրականությանը, լրագրողական հոդվածը կառուցվել է գրավոր փաստաթղթերի և այլ ապացույցների հիման վրա։ Բացի այդ, հոդվածը պատրաստելու ժամանակ պարզաբանումներ ստանալու համար «Հետք»-ը նաև դիմել է ճարտարապետին, ստացել նրա կցկտուր պատասխանը, որն ամբողջությամբ և բարեխղճորեն վերարտադրվել է հոդվածում։
Հայցվորի կողմից հոդվածում զրպարտչական որակված ձևակերպումների (շեղումներով շինարարություն և այլն) վերաբերյալ էլ Գրիշա Բալասանյանը պարզաբանել է, որ հոդվածում տեղ գտած նման ձևակերպումները հիմնված են փաստերի վրա և պայմանավորված են հանրային շահով, քանի որ անդրադառնում են պատմամշակութային շենքի տեսքի վնասմանը, իսկ լրագրողական հոդվածը նպատակ է ունեցել կանխել վնասումը։
Դատարանը, ուսումնասիրելով գործում առկա ապացույցները, գտել է, որ հոդվածում նշված «շեղումներով շինարարության» փաստը արձանագրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և քրեական վարույթով նշանակված փորձաքննության եզրակացությամբ։ Դատարանն արձանագրել է, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչը հիմնավորել է քննարկվող հրապարակման մեջ ճարտարապետի կողմից որպես զրպարտություն դիտարկվող փաստացի տվյալների՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը, ինչի պայմաններում այդ փաստերի վկայակոչումը չի կարող դիտարկվել որպես զրպարտություն։ Դատարանը նաև ծավալուն անդրադարձել է հանրային շահով պայմանավորված լրագրողական գործունեության կարևորությանը։ «Հուշարձան-շենքի պահպանությունը հանրային նշանակություն ունի, և շենքը վնասող, շենքի գեղագիտական տեսքին, սեյսմակայնությանը վտանգ ստեղծող ցանկացած գործողության վերաբերյալ հասարակությանը, պետական մարմիններին իրազեկելը հանրային գերակա նշանակություն ունի՝ նպատակ հետապնդելով կանխել շենքի վնասումը»,- վճռում գրել է դատավոր Անի Աթանեսյանը։
Ճարտարապետ Արսեն Ավետիսյանը, վճռի համաձայն, պարտավոր է պետությանը վճարել պետական տուրք և հատուցել «Հետք»-ի կրած դատական ծախսերը։ Այս վճիռը օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց, եթե չբողոքարկվի վերադաս դատարան։
Լուսանկարում՝ Արսեն Ավետիսյանը (աղբյուրը՝ nuaca.am)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter