ԱՄՆ-ի գլխավորությամբ Իսրայելի և Լիբանանի միջև շփումները նպատակ ունեն ավարտվել երկարատև խաղաղության և «Հեզբոլլահ» շիական խմբավորման ազդեցությանը վերջ դնելու վերաբերյալ համաձայնագրերով:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն՝ Վաշինգտոնում լիբանանցի և իսրայելցի դիվանագետների միջև բանակցությունների նախնական փուլը բացելով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սա պատմական հնարավորություն է», – ասել է Ռուբիոն: «Բայց մենք հասկանում ենք, որ աշխատում ենք տասնամյակների պատմության և դժվարությունների դեմ<…>», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Նրա խոսքով՝ ներկայիս բանակցությունները «շատ ավելին» են, քան պարզապես «հրադադար»՝ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցում:
«Խոսքը «Հեզբոլլահի» ազդեցությանը աշխարհի այս մասում վերջնականապես վերջ դնելու մասին է», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Ակնկալվում է, որ բանակցությունների ներկայիս փուլը կորոշի խաղաղության բանակցությունների մեկնարկի ամսաթիվը՝ հրադադարի համաձայնագրի հասնելու նպատակով։
Ավելի վաղ Ռուբիոյի մասնակցությամբ Վաշինգտոնում մեկնարկել էր Իսրայելի և Լիբանանի դեսպաններ Եչիել Լայթերի և Նադա Համմադ-ե-Մուավադի միջև «պատմական հանդիպումը»։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Լիբանանի հարավում իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, ևս 159-ը վիրավորվել է։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2124-ի, իսկ վիրավորների թիվը՝ 6921-ի», – ասվում է նախարարության Լիբանանում տարածված հայտարարության մեջ։ Օդային հարվածներից զոհերի թվում են 168 երեխա և 254 կին։
