Բանակցությունները կարող են տապալվել Իսրայելի դիրքորոշման պատճառով». Արմեն Պետրոսյան

Բանակցությունները կարող են տապալվել Իսրայելի դիրքորոշման պատճառով». Արմեն Պետրոսյան

Միացյալ Նահանգներն ու Իրանը դիտարկում են առերես բանակցությունների երկրորդ փուլն անցկացնելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով վերջ դնել արդեն վեց շաբաթ տևող պատերազմական գործողություններին՝ նախքան հաջորդ շաբաթ հրադադարի ժամկետի լրանալը։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է, որ գործընթացը նորից ձախողվի, և եթե այո, ի՞նչ կարող ենք սպասել այդ պարագայում։

-Կարծես թե Միացյալ Նահանգների և Թեհրանի կողմից փորձ է արվում մինչև հաստատված հրադադարի ավարտը հասնել որևէ համաձայնության։ Այսինքն՝ այս երկշաբաթյա ժամկետը, որը մի քանի օրից սպառվելու է, կողմերը փորձում են օգտագործել նոր բանակցությունների համար։ Միևնույն ժամանակ, ըստ իս, տարաձայնություններն այնքան խորն են, որ վերջնական համաձայնության հասնելը բավականաչափ բարդ է։ Դրան զուգահեռ՝ Իսրայելի կողմից հնչում են հայտարարություններ, որ դեռևս դիտարկվում է ռազմական գործողությունները շարունակելու տարբերակը։ Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տապալվել հենց Իսրայելի դիրքորոշման պատճառով։ Այս պահին, որքան էլ կողմերից դրական հայտարարություններ հնչեն, որևէ իրական գործարքի հասնելու հավանականությունը շատ ցածր է։

-Ինչպե՞ս կարող են Թրամփի կոշտ հայտարարությունները և Իրանի պատասխան սպառնալիքներն ազդել սպասվող բանակցային գործընթացի վրա։

-Սովորաբար նման գործընթացներում կոշտ հռետորաբանությունը միտված է սեփական բանակցային դիրքերն ամրապնդելուն։ Քանի որ երկու կողմն էլ քաջատեղյակ են հակառակորդի մարտավարությանը, կարծում եմ՝ այս հռետորաբանությունը հազիվ թե էական ազդեցություն ունենա բանակցությունների բուն ընթացքի վրա։

-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Զինված ուժերը սկսել են Իրանի նավահանգիստների շրջափակումը, իսկ Թեհրանը սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել։ Չե՞նք կարող ասել, որ սա չի կարող հանգեցնել հնարավոր խաղաղության։

-Ընդհանուր առմամբ, այս հրադադարի հաստատման հարցում ԱՄՆ-ի և հատկապես Դոնալդ Թրամփի համար սկզբունքային կարևորություն ունի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման և նավերի երթևեկության վերականգնման հարցը։ Այնպես որ, ԱՄՆ գործողություններն անկախ բանակցությունների արդյունքներից, որպես առաջնային նպատակ հետապնդում են Հորմուզի նեղուցի բնականոն աշխատանքի վերականգնումը։ Նեղուցի հետ կապված Միացյալ Նահանգների այս մոտեցումը նպատակ ունի խոչընդոտել Իրանի կողմից նեղուցի միակողմանի օգտագործմանը։

-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։

-Բավականին բարդ է կանխատեսել հանգուցալուծումը։ Կարծում եմ՝ պատերազմի վերսկսման հնարավորությունը մեծ է։ Կրկնում եմ՝ այստեղ զգալի դերակատարում ունի Իսրայելը, որն ամեն կերպ փորձում է թույլ չտալ կողմերի միջև համաձայնության կայացումը։ Կարծում եմ՝ ինչ-որ փուլում Իսրայելի գործողությունները կրկին կհանգեցնեն Միացյալ Նահանգների և Իրանի միջև խորքային տարաձայնությունների, ինչպես նաև ռազմական էսկալացիայի։ Եթե անգամ ակտիվ ռազմական գործողություններ չվերսկսվեն, կողմերը դժվար թե հանգեն վերջնական համաձայնության. կոնֆլիկտային իրավիճակը կշարունակվի՝ գուցե առանց բացահայտ բախումների։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment