ՀՀ-ում նվազել են շահառուների էներգետիկ ծախսերը և բարձրացել է հանրային ենթակառուցվածքների դիմակայունությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի (GCF) աջակցությամբ իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, քննարկվեցին էներգախնայողության հետագա զարգացման հնարավորությունները Հայաստանում:

Այս ծրագրի շնորհիվ Հայաստանում 600,000-ից ավելի մարդկանց կենսապայմանները բարելավվել են։ Մասնավորապես, նվազել են շահառուների էներգետիկ ծախսերը և բարձրացել է հանրային ենթակառուցվածքների դիմակայունությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն իր խոսքում Ծրագիրը համարել է ամենահաջողված ծրագրերից և կարևորել այն՝ հատկապես բնակչության էներգաարդյունավետության վարքագծի փոփոխության առումով։

«Ծրագիրը կյանքի չէր կոչվի առանց ՄԱԶԾ-ի, ԿԿՀ-ի, տեղական և միջազգային գործընկերների ակտիվ համագործակցության, և իհարկե, առանց շահառուների անմիջական մասնակցության»,-ընդգծել է ՏԿԵ փոխնախարարը։

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին նշեց, որ ռիսկերի նվազեցման և ֆինանսավորման ներգրավման շնորհիվ հնարավոր է եղել բարելավել շենքերի վիճակը, կրճատել արտանետումները և նվազեցնել էներգիայի ծախսը բնակիչների համար։ «Ամենակարևորը՝ մենք հիմք ենք դրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի կայուն գործողությունների և Հայաստանի ավելի կանաչ ապագայի համար»,- նշել է նա։

Ծրագիրը մեկնարկել էր 2017 թվականին։

Leave a Comment