Օրենսդրական փոփոխությունների փաթեթ ԱԺ-ում․ մեդիա, հարկային և դատական ոլորտներ

Ազգային ժողովն ապրիլի 14-ի նիստում մի շարք նախագծեր քննարկել է երկրորդ ընթերցմամբ:

««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը բարձրաձայնել է առաջին ընթերցումից հետո նախագծում կատարված բովանդակային այն փոփոխությունը, որը վերաբերում է պատերազմի կոչեր պարունակող տեղեկություններին, ինչպես նաեւ ՀՀ ներքաղաքական կյանքի միջամտությանն առնչվող սահմանումներին:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրել է «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը :

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկով խմբագրական փոփոխություն է կատարվել: Գործող կարգավորումների համաձայն՝ մաքսային ծառայողի՝ այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման դեպքում ծառայողի հետ բնակվող ընտանիքի անդամների համար ծառայության նոր վայրում Կառավարության սահմանած կարգով տրամադրվում է բնակելի տարածք կամ բնակելի տարածքի վարձակալման համար ամենամսյա դրամական փոխհատուցում: Նշվել է, որ բացի տեղափոխման դեպքերից՝ մաքսային ծառայողն ի սկզբանե կարող է պաշտոնի նշանակվել իր մշտական բնակության վայրի տարածաշրջանից հեռու գտնվող մաքսային մարմիններում, որի համար հատուցման մեխանիզմներ նախատեսված չեն: Առաջարկվում է նախատեսել հատուցման կարգավորումները, իսկ կարգը կսահմանի Կառավարությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարի խոսքով առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Քննարկված հաջորդ նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել Էկոպարեկային ծառայողի իրավունքը՝ մասնակցելու պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մշտադիտարկման իրականացման գործընթացին: ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության վերանայմանն առնչվող նախաձեռնությունը քննարկման է ներկայացրել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նա նշել է, որ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթում առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն կատարվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը , որով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը:

Ըստ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը լրամշակվել է, կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: Փաթեթից հանվել է երկու նախագիծ:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Նախարարի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո հիմնականում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո փոփոխությունները եղել են տեխնիկական:

Օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթով առաջարկվում է բանկային եւ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել դրանց առգրավման նաեւ էլեկտրոնային եղանակը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:

Զեկուցողը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Leave a Comment