Որտեղ լռում են դիվանագետները, խոսում է մշակույթը. Անդրանիկ Խեչումյանը հայ-իրանական երկխոսության մեջ. «Սփյուռքի ձայնը»

Այնտեղ, որտեղ լռում են դիվանագետները, սկսում է խոսել մշակույթը։ Իսկ այնտեղ, որտեղ պայթում են ռումբերը, արվեստագետը շարունակում է կառուցել իր «անտեսանելի կամուրջները»։ «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի հյուրը՝ իրանահայ անվանի թատերական գործիչ, ռեժիսոր և թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը, հենց այդպիսի մի առաքելության կրող է։

Դիմադրության և հպարտության ոգին

Պատերազմի շունչն ու Թեհրանի փողոցներում ընկնող ռումբերը չեն կարողացել լռեցնել մշակութային գործչին։ Անդրանիկ Խեչումյանի խոսքերում կա մի յուրահատուկ ուժ, որը բնորոշ է իրանահայ համայնքին՝ տոկունություն և խորը կապ սեփական արմատների հետ։

«Ցավալի է պատերազմն ընդհանրապես, բայց երբ ժողովուրդը դիմադրում է, դա ինձ հպարտության առիթ է տալիս»,- նշում է նա՝ պատմելով իրենց տնից ընդամենը 100 մետր հեռավորության վրա ընկած ռումբի մասին։

Սա պարզապես պատմություն չէ վտանգի մասին, սա իրանահայության կենսունակ կերպարի վավերագրումն է. ժողովուրդ, որն ապրում է երկու մշակույթների խաչմերուկում և երբեք չի կորցնում իր ինքնությունը։

Թարգմանությունը՝ որպես հոգևոր կամուրջ

Անդրանիկ Խեչումյանի անցումը ռեժիսուրայից դեպի թարգմանական արվեստ պայմանավորված էր հրատապ անհրաժեշտությամբ. նա հասկացավ, որ իրանցի ընթերցողը «ծարավ է» հայկական խոսքին։

47 թարգմանված գրքերը պարզապես հրատարակություններ չեն, դրանք հայկական ներկայությունն են Իրանում։ Հետաքրքիր է, թե ինչպես են դասական հայկական հումորը կամ ժամանակակից դրաման ընկալվում Իրանում։ «Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունին» 33 օրվա ընթացքում արդեն երկրորդ հրատարակությանը հասավ»,- պատմում է թարգմանիչը։ Սա վկայում է մի կարևոր ճշմարտության մասին. հայ գրականությունը, թարգմանչի շնորհիվ, դարձել է համամարդկային։

Կինոյի և գրականության զարթոնքը. ինչո՞ւ ենք լռում

Զրույցի ամենաինտրիգային հատվածը Անդրանիկ Խեչումյանի մասնագիտական «ապտակն» է ժամանակակից մեդիաարտադրանքին։ Որպես կինոպրոդյուսեր և ռեժիսոր, նա ցավով է նկատում այն անդունդը, որը կա հայկական հարուստ գրականության և «պրիմիտիվ» սերիալների միջև։

«Ես զարմանում եմ՝ մենք այսպիսի գրականության տեր մարդիկ, ի՞նչ ենք սերիալներ նկարում… Ինչո՞ւ չենք զարգացնում այս թեմաները»։ Նա օրինակ է բերում իրանական կինոյում հայերի ունեցած ահռելի դերը՝ Սամվել Խաչիկյանից մինչև Վարուժ Քարիմ-Մասիհի։ Սա կոչ է՝ արժևորելու սեփական ներուժը և Սփյուռքի փորձը ծառայեցնելու հայրենի մշակույթի վերելքին։

«Մենք Իրանում ենք ծնվել, Իրանում ենք մեծացել, չենք կարող անտարբեր լինել Իրանի խնդիրներին… բայց մենք հայ ենք, և մեր գրականությունը պետք է ներկայացնենք աշխարհին»,- եզրափակում է Անդրանիկ Խեչումյանը։

Leave a Comment