«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա նշել է, որ իրենց է միացել լրագրող և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը, որը ժամանակավոր դադարեցնում է լրատվական գործունեությունը, և միասին կփորձեն դիմագրավել ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին։ 

Մարուքյանը հավելել է, որ շուրջ 6 ամիս ամեն ինչ արել են, որ ընդդիմությունն այս ընտրություններին մասնակցի մեկ ճակատով, սակայն չի ստացվել։

«Յուրաքանչյուրն իր ճանապարհով է գնացել, և Կարպիսի հետ որոշել ենք մեր ճանապարհով գնալ, որի նպատակը մեկն է՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է Մարուքյանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 9-ի հրամանագրով Հայաստանի ԱԺ հերթական ընտրությունների օր էր նշանակվել հունիսի 7-ը: ԿԸՀ-ն փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել էր ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Todayտեսանյութում:

Leave a Comment