«Դավիթ Մինասյանին բանտ տանելն անընդունելի է»․ նստացույցը շարունակվում է

Գլխավոր դատախազության մոտ 2-րդն օրն է՝ մի խումբ ծնողներ շարունակում են նստացույցը՝ եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Armenia Today-ին նստացույցի մասնակիցներից հայտնել են, որ անընդունելի են համարում առողջական խնդիրներ ունեցող Մինասյանին հիվանդանոցից կալանավայր տեղափոխելը։

«Հասել ենք իրավիճակի, երբ մարդը կարող է եկեղեցում աղոթելիս ձերբակալվել՝ առանց բավարար հիմքերի և առանց մեղքն ապացուցելու։ Մարդն աղոթք է արել, այդ պահին, մեր ընկալմամբ, միջամտություն է տեղի ունեցել, ստացել է հարված, որի հետևանքով ձեռք է բերել գանգուղեղային վնասվածք»,- նշել է նստացույցի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները հավելել են, որ Մինասյանը դպրոցական է, ով այս պահին պետք է լիներ ուսումնական գործընթացում։

«Նա պետք է անհապաղ ազատ արձակվի, նրա բուժման հարցն առաջնային է։ Բացի այդ, կարևոր է պարզել՝ ո՞վ է պատասխանատվություն կրում նրան հասցված վնասի և հնարավոր երկարաժամկետ հետևանքների համար։ Երբ տեսնում ես, թե ինչպես են նրա նկատմամբ կիրառվում ամենախիստ միջոցները, այդ թվում՝ կալանքը, առաջանում են հարցեր դատական համակարգի անաչառության վերաբերյալ»,- ընդգծել է նստացույցի մասնակիցը։

Նստացույցի մասնակից Սաիդա Պողոսյանը նշել է, որ Դավիթի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և մինչ այս պահը փաստաբաններին ամբողջությամբ չի տրամադրվել գործի նյութերը, որպեսզի կարողանան լիարժեք ուսումնասիրել և ներկայացնել պաշտպանությունը։

«Բժիշկների կարծիքը, մեր տեղեկություններով, իրավապահները հաշվի չեն առել։ Չկա բժիշկ, ով հրապարակային կասի, որ Դավիթը գտնվում է ծանր վիճակում և պետք է մնա հիվանդանոցում։ Բայց համոզված ենք, որ նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ, և չենք կարող այդ պատասխանատվությունն անտեսել»,- հայտնել է Պողոսյանը։

Նա տեղեկացրել է, որ հիվանդանոցից դուրս գրելու որոշումը կայացվել է բժշկական հաստատության կողմից։

«Այդուհանդերձ, հարց է առաջանում՝ արդյոք հնարավո՞ր է նման վիճակում գտնվող անձին պահել կալանավայրում՝ նույնիսկ բժշկական հսկողության պայմաններում։ Մեր կարծիքով՝ Դավիթը պետք է շարունակեր մնալ հիվանդանոցում»,- նկատել է նա։

Պողոսյանը բոլոր քաղաքացիներին կոչ է արել միանալ նստացույցին՝ թեկուզ կարճ ժամանակով։

«Ովքեր նույնիսկ հինգ րոպե ժամանակ ունեն, կոչ եմ անում գալ և կանգնել այստեղ՝ ի աջակցություն Դավիթի ընտանիքի, որն իրեն անզոր է զգում»,- ասել է Պողոսյանը։

Նստացույցի մասնակիցները տեղեկացրել են, որ շարունակելու են իրենց պահանջը՝ փոխել Դավիթի կալանքը, և ՀՀ գլխավոր դատախազության մոտ են լինելու մինչև ապրիլի 17-ն ամեն օր՝ ժամը 11:00-20:00-ն։

Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին՝ Սուրբ Աննա եկեղեցում՝ պատարագի ընթացքում։ Ըստ տեսանյութերի՝ նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Տեսանյութերից մեկում բարձրացված ձեռք էր երևում, իշխանական շրջանակները հայտարարել էին, որ այն ուղղված էր վարչապետին։ Մինասյանի փաստաբաններն ավելի ուշ տեսանյութ էին հրապարակել, ուր երևում էր, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում տղային։

Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխել, իսկ ապրիլի 13-ին՝ կալանավայր։

Leave a Comment