Եվրոպան կարող է խրախուսել Միացյալ Նահանգներին բանակցել Իրանի հետ միջազգային նորմերի շրջանակներում՝ այդպիսով կառուցողական դեր խաղալով Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման գործում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները բացառապես միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում՝ Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար, և Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ՝ խրախուսելով Միացյալ Նահանգներին հետևել այս շրջանակին», – ասել է նա։
Փեզեշքիանը նշել է, որ հենց ԱՄՆ վարչակազմի չափազանց պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունն են խոչընդոտում երկու երկրների միջև համաձայնագրի կնքմանը՝ չնայած փորձագիտական մակարդակով ձեռք բերված համաձայնություններին։
«Սպառնալիքների, ճնշման և ռազմական գործողությունների վրա հիմնված մոտեցումն անարդյունավետ է և միայն բարդացնում է իրավիճակը, սրում ամերիկյան կողմի կողմից ստեղծված խնդիրները»,- ասել է Իրանի նախագահը։
Ապրիլի 11-ին Իսլամաբադում ավարտվել էին ԱՄՆ-Իրան բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ։ Դրանք տևել էին 21 ժամ, սակայն կողմերը չէին կարողացել ընդհանուր համաձայնության գալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հանդիպումը «լավ է անցել», և հարցերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, միայն միջուկային հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն որոշ ժամանակ անց հայտարարել էր Հորմուզի նեղուցի շրջափակման մասին։
