Հարկային հանցագործությունների քրեական շեմը 10 մլն-ից կդառնա 30 մլն դրամ․ նախագիծ

Տնտեսվարողի հարկային խախտման դեպքում քրեական գործի հարուցման շեմը 10 միլիոն դրամից կդառնա 30 միլիոն


ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում նախատեսվում է եռակի բարձրացնել հարկային հանցագործությունների համար սահմանված քրեական պատասխանատվության շեմերը։


Ազգային ժողովի նիստում Հարկային, Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:


Հակոբյանի խոսքով՝ ՊԵԿ-ը հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը և հարկ վճարողին ծանուցելով՝ փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարվածի մասին:


«Հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա թեմատիկ ուսումնասիրությամբ արձանագրելու իրավախախտումը և կազմելու համապատասխան վարչական ակտ, որն էլ կարող է բողոքարկվել համապատասխան ընթացակարգերով, որից հետո ՊԵԿ-ը որոշում կկայացնի հաղորդում ներկայացնելու մասով,- ասաց ՊԵԿ նախագահը: 


Նա նշեց, որ բացառություն են կազմելու այն դեպքերը, որոնք ենթադրում են անհապաղ գործողություններ, որպեսզի փաստերն ու ապացույցները չկորչեն: 


Առաջարկվում է օրենսգրքում թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանել հաստատապես հայտնի գործարքի հիմքը, ինչպես նաև ուսումնասիրությունը հարկային տարվա ընթացքում միայն 1 անգամ իրականացնելու պայմանները: 


«Արդյունքում տարվա մոտ 600 նախնական հաշվարկներից առնվազն կեսը կանցնեն վարչական պրոցեսներով, և հարկ վճարողների իրավունքն ամբողջությամբ կիրացվի»,- ասաց Հակոբյանը։ 


Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը վերաբերում է հարկային հանցագործությունների հետ կապված այժմ գործող շեմերին՝ խոշոր չափի դեպքում 10 մլն դրամի շեմն է գործում՝ հարկեր-տուրքերը չվճարելու, իսկ առանձնապես խոշոր չափը՝ 20 մլն դրամը:


«Պատմական մեծ քայլ ենք կատարում՝ առաջարկելով խոշորը 3 անգամ բարձրացնել՝ հասցնելով 30 միլիոնի, ընդ որում՝ 2 հաջորդող տարվա համար՝ 45 միլիոնի, իսկ առանձնապես խոշորը առաջարկում ենք բարձրացնել 2 անգամ՝ 25-50 մլն, իսկ 2 հաջորդող տարվա պարտավորությունների համար՝ արդեն 75 մլն դրամ»,- ասաց Հակոբյանը: 


ՊԵկ նախագահի խոսքով՝ այս կերպ մոտ 600 քրեական գործեր կապաքրեականացվեն, իսկ նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի, իսկ առանձնապես խոշորի դեպքում սանկցիան կդառնա միջին ծանրության։ 


Երրորդ փոփոխությամբ առաջարկվում է ներդնել այլընտրանքային մեխանիզմ, որպեսզի հարկ վճարողը քրեական վարույթի ընթացքում ֆինանսական կորուստներ չկրի: 


Հակոբյանը հայտնեց, որ առաջարկվում է վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ, քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելանքից հանելու հնարավորություն ստեղծել, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է տվյալ գույքին համարժեք բանկային երաշխիք։

Leave a Comment