14 ապրիլի 2026 – 13:27 AMT
PanARMENIAN.Net – ՊԵԿ-ի առաջարկած փոփոխություններով նախատեսվում է վերանայել հարկային խախտումների դեպքում կիրառվող մեխանիզմները՝ տնտեսվարողի հարկային խախտման դեպքում քրեական գործի հարուցման շեմը 10 միլիոն դրամից դարձնելով 30 միլիոն: Նախագիծը Ազգային ժողովի ապրիլի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
ՊԵԿ-ն առաջարկել է փոփոխություններ կատարել Հարկային, Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում, հայտնում է 1lurer.am-ը:
«Պատմական մեծ քայլ ենք կատարում՝ առաջարկելով խոշորը 3 անգամ բարձրացնել՝ հասցնելով 30 միլիոնի, ընդ որում՝ 2 հաջորդող տարվա համար՝ 45 միլիոնի, իսկ առանձնապես խոշորը առաջարկում ենք բարձրացնել 2 անգամ՝ 25-50 մլն, իսկ 2 հաջորդող տարվա պարտավորությունների համար՝ արդեն 75 մլն դրամ: Արդյունքում ի՞նչ է տեղի ունենալու: Մոտ 600 քրեական գործեր կապաքրեականացվեն, իհարկե, հարկ վճարողների համաձայնությամբ, իսկ նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի: Իսկ առանձնապես խոշորի դեպքում սանկցիան կդառնա միջին ծանրության»,- նշել է նա։
Անդրադառնալով Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին՝ ՊԵԿ նախագահը պարզաբանել է, որ հարկեր չվճարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալիս կառույցը չի գործի անմիջապես քրեական հաղորդման ուղով, այլ նախ կկիրառի ներքին վերլուծական գործիքներ, կծանուցի հարկ վճարողին և կփորձի ստանալ հիմնավորված բացատրություններ։
«Հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա թեմատիկ ուսումնասիրությամբ արձանագրելու իրավախախտումը և կազմելու համապատասխան վարչական ակտ, որն էլ կարող է բողոքարկվել համապատասխան ընթացակարգերով, որից հետո ՊԵԿ-ը որոշում կկայացնի հաղորդում ներկայացնելու մասով:
Բացառություն են կազմելու այն դեպքերը, որոնք ենթադրում են անհապաղ գործողություններ, որպեսզի փաստերն ու ապացույցները չկորչեն: Եվ սրա համար կարիք կա օրենսգրքում թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանել գործարքի հիմքը, ինչպես նաև ուսումնասիրությունը հարկային տարվա ընթացքում միայն 1 անգամ իրականացնելու պայմանները: Արդյունքում տարվա մոտ 600 նախնական հաշվարկներից առնվազն կեսը կանցնեն վարչական պրոցեսներով, և հարկ վճարողների իրավունքն ամբողջությամբ կիրացվի»,- ասել է նա։
Երրորդ փոփոխությունը վերաբերել է Քրեական դատավարության օրենսգրքին։ Քննարկումների ընթացքում բարձրացված հարցերի հիման վրա առաջարկվել են բարեփոխումներ՝ կապված քրեական վարույթում կիրառվող արգելանքների հետ, նպատակ ունենալով նվազեցնել տնտեսվարողների ֆինանսական կորուստները։
«Առաջարկում ենք վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է արգելադրված գույքին համարժեք բանկային երաշխիք»,- ասել է նա։
Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ փոփոխություններով մեղմացվում են գործող կանոնները և բարձրացվում է այն շեմը, որի դեպքում տնտեսվարողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։
«Այսինքն՝ եթե գործող կարգավորումներով քրեական գործի հարուցման շեմը 10 մլն դրամ է, նախ շեմի չափն է էապես վերանայվում, և երկրորդ կարևոր հարցը, որ լուծվում է, ինստիտուցիոնալ առումով մեխանիզմ ենք դնում, որպեսզի գործերը ՊԵԿ-ից մինչև գնան ՔԿ, մանրամասն ֆիլտր անցնեն»,- նշել է նա։