ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցներ հայտարարել են, որ չեն մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած Իրանի նավահանգիստների արգելափակման ծրագրին։ Նրանք նշում են, որ պատրաստ են միջամտել միայն այն դեպքում, երբ ռազմական գործողությունները դադարեցված լինեն։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը կոչնչացնեն ցանկացած իրանական նավ, որը կփորձի մոտենալ արգելափակման գոտուն։ «Արգելափակումը շուտով կսկսվի։ Այլ երկրներ նույնպես կմիանան այս գործընթացին»,- գրել էր նա Truth Social հարթակում։
Սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցները, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան, ընդգծել են, որ չեն պատրաստվում ներգրավվել հակամարտության մեջ՝ մասնակցելով արգելափակմանը։ Փոխարենը նրանք քննարկում են նեղուցի վերաբացման հնարավորությունները։
«Մենք չենք աջակցում արգելափակմանը»,- BBC-ին ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։
Reuters-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն եվրոպական կառավարություններին տեղեկացրել է, որ Թրամփը մոտ ժամանակում ակնկալում է հստակ պարտավորություններ՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու հարցում։
Մի շարք եվրոպական երկրներ հայտնել են, որ պատրաստ են ներգրավվել նեղուցում անվտանգությունն ապահովելու գործում, սակայն միայն այն դեպքում, եթե հակամարտությունը կայուն կերպով ավարտվի և Իրանի հետ ձեռք բերվի համաձայնություն՝ իրենց նավերի անվտանգության վերաբերյալ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական հարթակում հայտնել է, որ Ֆրանսիան նախատեսում է համաժողով կազմակերպել Միացյալ Թագավորության և այլ գործընկերների հետ՝ նեղուցում նավագնացությունը վերականգնելու նպատակով բազմազգ առաքելություն ձևավորելու համար։
Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրի համաձայն՝ առաքելության պլանավորմանը նվիրված հանդիպումը, որին ակնկալվում է շուրջ 30 երկրի մասնակցություն, կարող է տեղի ունենալ արդեն հինգշաբթի օրը՝ Փարիզում կամ Լոնդոնում։ Մասնակիցների թվում են Պարսից ծոցի երկրներ, ինչպես նաև Հնդկաստանը, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները և Շվեդիան։
