
ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքել է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Քանաքեռում կրակոցներ են հնչել։
Նարեկ Սարգսյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ընդգծել է, որ Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է։
«Օրերս ԶԼՄ-ներից մեկը «բացառիկ տեղեկություններ» էր հրապարակել, որ «Քանաքեռում կրակոցներ են հնչել»: Հրապարակման մեջ նշվում էին նաև անուններ, վիրավորի մասին տեղեկություն, նաև, որ «ոստիկանությունից այս մասին որևէ տեղեկություն չունեն և չեն հաղորդում, հավանաբար նախարարի հրաման կա` ընտրություններից առաջ խոշոր միջադեպերը կոծկել»։
Արդեն մեկնաբանել ենք, որ նշվածի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում որևէ ահազանգ չի ստացվել, այդուհանդերձ, հրապարակված տեղեկությունը ստուգվել է։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ստուգողական գործողությունների ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հրապարակման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել»,-նշել է Սարգսյանը՝ ԶԼՄ գործընկերներին կոչ անելով հրապարակել միայն ճշտված տեղեկություններ և ապատեղեկատվություն տարածելով չանել անհիմն եզրակացություններ։