Ոստիկանները ձերբակալել են ավտոբուսի վարորդին ծեծած երեք տղամարդկանց․ ՆԳՆ

Ոստիկանները ձերբակալել են ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած երեք տղամարդկանց, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ ապրիլի 8-ին երեք տղամարդ Էրեբունի փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։

Նշվում է, որ նույն օրն ավելի վաղ ավտոբուսի մեջ երկու երիտասարդ վիճել են, վարորդը նրանց դիտողություն է արել, որից հետո նրանցից մեկը մոտեցել է վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել է ավտոբուսից։

Հետագայում Էրեբունի փողոցում գտնվող կանգառում «Նիսան» մակնիշի մեքենայով երեք տղամարդ փակել են ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ավտոբուս և վիճաբանել վարորդի հետ։ Նրանք դուրս են կանչել, հայհոյանքներ հնչեցրել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։

Ըստ հաղորդագրության՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։ Իրավապահները պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը և ձերբակալել նրանց։

Leave a Comment