Ֆրանսիայում անցկացվում է բարեգործական վիճակախաղ, որի շրջանակում ընդամենը 100 եվրոյով կարելի է շահել Պաբլո Պիկասոյի ստեղծագործություններից մեկը։ Հավաքագրված ողջ հասույթը կուղղվի Ալցհեյմերի հիվանդության հետազոտություններին։ Խոսքը 1941 թվականին ստեղծված «Tête de Femme» («Կնոջ գլուխ») կտավի մասին է, որը գնահատվում է շուրջ 1 միլիոն եվրո։ Խաղարկության տոմսերի առավելագույն քանակը սահմանվել է 120 000, ինչը նշանակում է, որ բոլոր տոմսերի վաճառքի դեպքում հնարավոր է հավաքել մինչև 12 միլիոն եվրո։ Այդ գումարից 1 միլիոն եվրոն կտրամադրվի Opera Gallery-ին՝ նկարի ներկայիս սեփականատիրոջը, իսկ մնացած միջոցները կփոխանցվեն Փարիզի խոշոր հիվանդանոցներից մեկին կից գործող Ալցհեյմերի հետազոտական հիմնադրամին։
Առաջին նմանատիպ խաղարկությունն անցկացվել է 2013 թվականին, երբ հաղթող էր դարձել ԱՄՆ-ում բնակվող հակահրդեհային համակարգերի մասնագետը։ Իսկ 2020-ին Պիկասոյի մեկ այլ աշխատանք շահել էր Իտալիայի մի բնակիչ՝ հաշվապահ, ով խաղարկության տոմսը ստացել էր որպես Սուրբ ծննդյան նվեր։ Կազմակերպիչների համոզմամբ՝ Պիկասոն ինքն էլ կողջուներ այս նախաձեռնությունը, քանի որ մշտապես ցանկացել է, որ իր արվեստը հասանելի լինի ոչ միայն մեծահարուստներին, այլև լայն հանրությանը։ Կտավը կցուցադրվի Փարիզի Christie’s աճուրդի տանը, որտեղ էլ հենց կկայանա խաղարկությունը:
