ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի նավահանգիստների ողջ շարժի արգելափակումը։ Գործողությունն ուժի մեջ է մտել Գրինվիչի ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին), հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
Ըստ պարբերականի տվյալների՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը պատրաստ են պահպանել շրջափակումը՝ թույլ չտալով նավերին մուտք գործել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից։ Միևնույն ժամանակ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ ուժի կիրառման կոնկրետ կանոնները դեռևս չեն սահմանվել։
Թեհրանն արդեն արձագանքել է Վաշինգտոնի գործողություններին։ Իրանի իշխանությունները միջազգային ջրերում սահմանված սահմանափակումներն անվանել են «անօրինական ակտ», որը հավասարազոր է ծովահենությանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զգուշացրել է, որ ցանկացած ռազմական նավ, որը կմոտենա Հորմուզի նեղուցին, կդիտարկվի որպես հրադադարի համաձայնագրի խախտում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ապրիլի 13-ի երեկոյան իրանական նավահանգիստների շրջափակումն սկսելու մտադրության մասին։ Այս որոշումը կայացվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների տապալման ֆոնին, ինչն արդեն իսկ հանգեցրել է ծովային փոխադրումների շուկայի դեստաբիլիզացման։
Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում անցկացված բանակցություններում համաձայնության չէին եկել։
