Հայաստանը Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառում. «Վերնատուն»

Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառը եվրոպական հրատարակչական աշխարհի կարևորագույն հարթակներից է։ Հայաստանը այս փառատոնին ներկայացավ «ԱՐԻ» գրականության հիմնադրամի «Հայաստան՝ գրերի երկիր» խորագրով միջոցառումների հագեցած ծրագրով։ «ԱՐԻ» գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը պատմում է փառատոնի հայաստանյան ներկայության մասին։

Նա նշում է, որ ի տարբերություն Ֆրակֆուրտի միջազգային փառատոնի, Լայպցիգի փառատոնն առաջին հերթին հեղինակների և ընթերցողների հարթակ է։ Այստեղ զրույցներն ավելի շատ բովանդակային են, քան գործնական. սա գրական, մշակութային երկխոսության և ակտուալ թեմաների հարթակ է։ Հայկական տաղավարում ներկայացված էր գերմաներեն թարգմանված վեց գիրք։ Արևիկ Աշխարոյանը պատմում է, որ Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի նոր թարգմանությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել. տեղի մամուլի անդրադարձից հետո մարդիկ եկել են տաղավար հենց այս գրքի հետևից։

Այն ներկայացնում է Հայաստանը որպես արևելյան երկիր, որը ձգտում է դեպի արևմուտք։ Առհասարակ եվրոպացիներին շարունակում է հետաքրքրել խորհրդային անցյալն ու այն, թե ինչ է կատարվում այսօր։ Մեր միջոցառումների գլխավոր ուղերձը երկխոսությունն էր։ Անցկացվեցին պանելային քննարկումներ թարգմանիչների հետ, խոսվեց հետգաղութային գրականության մասին։ Սա պարզապես գրքի ցուցադրություն չէր, այլ փորձ՝ հասկանալու մեր ընդհանրություններն ու տարբերությունները եվրոպական մեծ ընտանիքում։

Leave a Comment