Մայր Աթոռն անօրինական է համարել կարգալույծ եպիսկոպոսի նշանակումը Ներման հարցերի հանձնաժողովում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը) անընդունելի և անօրինական է որակել ՀՀ վարչապետի որոշումը, որով կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անդամ՝ որպես Եկեղեցու ներկայացուցիչ։

Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության՝ վարչապետի 2026 թվականի մարտի 27-ի որոշմամբ կայացված այս նշանակումը կատարվել է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության և խախտում է ՀՀ օրենսդրությունը։

Հայտարարության հեղինակները շեշտում են, որ պետական կամ որևէ այլ կառույցում Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել բացառապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ «Կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից», – ասված է հայտարարության տեքստում։

Եկեղեցին այս քայլը գնահատել է որպես հերթական ոտնձգություն իր ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։ Մայր Աթոռը պահանջում է պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից, վերացնել նշյալ հատվածը։

Գարեգին Բ-ն հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդին իր պաշտոնում։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։

ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։

Leave a Comment