Նիկոլ Փաշինյանը հերթական այցով էր մարզերում՝ քարոզչական ակտիվ շրջագայության տրամաբանությամբ։ Ուրախ ավտոբուսով թիմի հետ շարժվող այցի կանգառներից մեկը Կոտայքի մարզն էր, որտեղ շրջայցի ընթացքում նա եղավ նաև Աբովյան քաղաքում՝ ծանոթանալով ընթացող շինարարական աշխատանքներին։ Բալահովիտ–Աբովյան ճանապարհահատվածում ընթացող ասֆալտապատման աշխատանքների մասին զրույցը, սակայն, արագ վերածվեց մի դրվագի, որը շատերի մոտ հարցեր առաջացրեց։
Փաշինյանի՝ ծրագրի ֆինանսավորման աղբյուրի ու չափի վերաբերյալ պարզ հարցը՝ «ինչ ծրագրով է իրականացվում», ապա՝ «իսկ գումարային չափը ինչքան է», ստացավ արագ պատասխան մարզպետի կողմից։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը նշեց, որ աշխատանքները իրականացվում են սուբվենցիոն ծրագրով և հնչեցրեց մի թիվ՝ մոտ 6 միլիարդ դրամ։ Փաշինյանը, ըստ տեսանյութում երևացող արձագանքի, այդ թվին նույնիսկ երկրորդ անգամ անդրադարձավ՝ ակնհայտ զարմանքով կրկնելով՝ «6 միլիա՞րդ», ինչին հաջորդեց հաստատող պատասխան։
Եվ հենց այստեղ է, որ սկսվում է իրական հարցադրումների շղթան, որովհետև եթե մեկ թվի հնչեցումը կարող է թվալ սովորական պատասխան պաշտոնական միջավայրում, ապա այդ թվի բովանդակությունն ու կառուցվածքը արդեն պահանջում են հստակություն, ոչ թե իմպրովիզ։
Հիմա անցնենք էն մասին, ինչ արդեն մարդիկ իրար մեջ խոսում են, առանց «մեծ պաշտոնական ձևակերպումների»։
Ամբողջ պատմության մեջ ամենից շատ աչք ծակողը հենց էդ 6 միլիարդի պատմությունն ա։ Մարզպետը կանգնում է, ասում է թիվ՝ 6 միլիարդ, ու թվում է՝ ամբողջ մարզի բոլոր շինարարությունները մի հատ մեծ «սուբվենցիոն ծրագիր» են ու վերջ։ Բայց իրականում, ինչպես հետո ավելի ուշադիր նայողների մոտ պարզ է դառնում, էդ թիվը իր մեջ մի քանի տարբեր աղբյուրներ ու տարբեր ծրագրեր ա խառը վերցրած։
Խոսքը էն մասին ա, որ իրական սուբվենցիոն բաղադրիչը, ըստ շրջանառվող տվյալների, մոտ 30–35 տոկոսն ա կազմում։ Մնացածը արդեն համայնքային բյուջե, տեղական ծրագրեր, տարբեր շինարարական ուղղություններ՝ ջրագծերից սկսած մինչև մանկապարտեզ ու դպրոցի վերանորոգումներ։ Այսինքն՝ ոչ թե մեկ միասնական «մեծ սուբվենցիոն պայթյուն», այլ տարբեր տեղերից հավաքված ընդհանուր թիվ, որը ուղղակի մի փաթեթի մեջ ա ներկայացվում։
Եվ այստեղ արդեն հարցը դառնում ա շատ պարզ,եթե էդ թիվը ներկայացվում ա որպես մեկ միասնական ծրագիր, ապա կամ կա խառնաշփոթ պատկերացում, կամ ուղղակի փորձ է ամեն ինչ գեղեցիկ թվով փակելու։
Բայց ամենահետաքրքիր պահը նույնիսկ թվերը չեն, այլ այն, թե ինչպես է դա հնչում հենց տեղում։ Երբ Փաշինյանը կանգնած հարցնում է, հետո երկրորդ անգամ նույն զարմանքով կրկնում է թիվը՝ դա արդեն խոսում է այն մասին, որ նույնիսկ վերևի մակարդակում էդ թվի ընկալումը միարժեք չէր։ Իսկ ներքևում՝ մարզում, արդեն մարզպետի պատասխանն է, որը շատերի մոտ հարց է առաջացնում՝ արդյոք պատկերն ամբողջական է, թե պարզապես արագ պատասխան է տրվել «միջոցառման տրամաբանության մեջ»։
Եվ հիմա սա արդեն գնում է ոչ միայն մեկ ասֆալտի կամ մեկ ճանապարհի թեմայով։ Սա գնում է այն տրամաբանության մեջ, թե ինչպես են մարզերում ներկայացվում ծրագրերը՝ հատկապես ընտրությունների նախաշեմին, երբ յուրաքանչյուր այց, յուրաքանչյուր թիվ, յուրաքանչյուր հայտարարություն դառնում է քաղաքական մեսիջ։
Բնական է, որ ընտրություններից առաջ նման այցերը միշտ ավելի ակտիվ են, ավելի ցուցադրական, ավելի «հաշվետու» ձևով ներկայացվող։ Բայց հենց այդ պահին էլ ամենափոքր անճշտությունը կամ ոչ ամբողջական բացատրությունը սկսում է ավելի մեծ արձագանք տալ, որովհետև մարդիկ արդեն լսում են ոչ թե միայն ասֆալտի մասին, այլ ընդհանուր կառավարման մասին։
Ի վերջո, պարզ հարց է մնում օդում, եթե 6 միլիարդը իրականում տարբեր բաղադրիչների խառնուրդ է, ինչո՞ւ է այն ներկայացվում որպես մեկ միասնական թիվ, ու ինչո՞ւ է այդքան հեշտ անցնում այդ ձևակերպումը առանց հստակ բաժանման։
Մարզում, ինչպես ասում են, մարդիկ սովոր են տեսնել արդյունքը՝ ճանապարհ, շենք, վերանորոգում։ Բայց երբ թվերը սկսում են «խառնվել իրար մեջ», արդեն արդյունքի կողքին սկսում է հարցը մնալ՝ իրականում ով ինչքանով է անում ու ինչ հաշվարկով։
Եվ սա արդեն պարզապես մեկ դրվագ չէ։ Սա ավելի լայն պատկեր է, որը ընտրական տրամաբանության մեջ դառնում է ավելի ու ավելի նկատելի։
Քրիստինե Ավագյան