Ադրբեջան կատարած 4-րդ այցից հետո հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարել են ադրբեջանական կողմի հետ հանդիպումների ձևաչափի ընդլայնման և հայտնել քննարկված հարցերի շրջանակը։ Ասուլիսի ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանը նշել է, որ Ադրբեջանում կայացած հանդիպումների արդյունքներով նախատեսվում է անցում կլաստերային աշխատանքի։ Նա մանրամասնել է, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության մասին է՝ բնապահպաններ, գործարարներ, տնտեսագետներ և այլ խմբեր, որոնք կաշխատեն առանձին ձևաչափերով և կփորձեն իրականացնել համատեղ նախաձեռնություններ։
Քոչինյանը նշել է, որ նախաձեռնության երկու հիմնական նպատակներից առաջինը հասարակություններում խաղաղության և հարաբերությունների նորմալացման նկատմամբ դրական տրամադրությունների ձևավորումն է։
Երկրորդ նպատակը, ըստ նրա, նոր գաղափարների և նախաձեռնությունների ձևավորումն է, որոնք կարող են ամրապնդել գործընթացը նաև պաշտոնական մակարդակում։ Նրա խոսքով՝ մասնակիցների միջև արդեն կա փոխադարձ հետաքրքրություն փոքր խմբերով կոնկրետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ։
Քոչինյանը նաև նշել է, ադրբեջանական կողմը հետաքրքրված է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքով։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ադրբեջանական կողմի ներկայացոցւիչներն իրենց հայտարարություններում նշել են, որ ընտրությունները Հայաստանի ներքին գործն է և որևէ միջամտության կամ ազդեցության նպատակ չունեն։
«Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ ինչ է սպասվում Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որովհետև մեծագույն առումով խաղաղության գործընթացի ապագան կախված է հենց այդ փոփոխականից»- ընդգծել է նա։
Քոչինյանը «էժան քարոզչություն» է անվանել «Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին» թեզերը՝ նշելով, որ այդ մասին Բաքվում քննարկում չեն ունեցել։
Հայաստանից Ադրբեջան այցելած պատվիրակ, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Նաիրա Սուլթանյանը հավելել է, որ քննարկվել են նաև հումանիտար հարցեր, այդ թվում՝ գերիների և պահվող անձանց թեման։
«Շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել, մենք մեր խնդիրներն ենք բարձրացրել, իրենք՝ իրենցը»,- նշել է Սուլթանյանը։
