13 ապրիլի 2026 – 15:14 AMT
PanARMENIAN.Net – Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անի Դանիելյանի, որոշում է կայացրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման:
Փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ որոշումը դեռ չի կատարվել, հայտնում է Aysor.am-ը:
«Վստահ եմ, որ դատախազությունը այդ որոշումը բողոքարկելու է և ամեն ինչ անելու է, որպեսզի չկատարի դատարանի որոշումը»,- նշել է Զոհրաբյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս որոշումը կարող է վկայել արդարադատության առկայության մասին, նա նշել է, որ հույսը միշտ պահպանվում է։
«Ցավոք, որոշ դատավորներ կուրորեն կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք հաճելի են իշխանության քիմքին: Սակայն կան նաև այնպիսի դատավորներ, որոնք ղեկավարվում են օրենքով, սա, իհարկե, մեծացնում է արդարադատության հույսը»,- ընդգծել է Արա Զոհրաբյանը։
Փաստաբանի գնահատականը հաստատվել է․ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ պատրաստվում են ներկայացնել վերաքննիչ բողոք։
Վեհափառ Հայրապետին մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ, որով պահանջվել է Արման Սարոյանի վերականգնումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Վեհափառ Հայրապետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։