Հայկ Սարգսյանի՝ առցանց շահումով խաղերն ինքաարգելափակող նախագիծը կառավարությունից դրական եզրակացություն է ստացել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ կառավարության կողմից դրական եզրակացություն է ստացել իր ներկայացրած օրենքի նախագիծը, որը նախատեսում է առցանց շահումով խաղերի կայքերում ու հավելվածներում ինքաարգելափակման կոճակի տեղադրումը:

«Քիչ առաջ դուրս եկա կառավարությունից, որտեղ դրական եզրակացություն ստացավ իմ ներկայացրած օրենքի նախագծերից մեկը։ Պահանջում եմ, որպեսզի օրենքով սահմանենք՝ բոլոր օնլայն կազինոներն իրենց հավելվածներում և կայքերում ունենան ինքաարգելափակման կոճակ, որպեսզի մեր այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում խաղալ, կարողանան ազատվել այդ չարիքից, չվատնեն իրենց աշխատած գումարները, պարտքեր չկուտակեն և չհայտնվեն ծանր վիճակում»,- նշել է նա։

Սարգսյանը կարևորել է, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին, ովքեր ցանկանում են զերծ մնալ խաղերից, ազատվել այդ սովորությունից՝ սեղմելով կոճակը և արգելափակելով իրենց հաշիվը: Այդ կերպ նրանք կկարողանան կանխարգելել պարտքերի կուտակումը և չվատնել իրենց ֆինանսական միջոցները:

Նա նաև նշել է, որ օրենքով առաջարկվում են այլ սահմանափակումներ, որոնց շրջանակում թոշակառուները, եթե չունեն այլ եկամտի աղբյուր, չեն կարողանա խաղալ օնլայն կազինոներում, նպաստառուներին նույնպես արգելված կլինեն խաղալ: Բացի այդ, նախագիծը սահմանում է, որ անձինք չեն կարողանա իրենց եկամտի 20%-ից ավելին կորցնել խաղերի պատճառով:

Սարգսյանը նաև ընդգծել է, որ այս օրենսդրական փոփոխության կարևորությունը մեծ աջակցություն է ստացել ժողովրդի կողմից: Սոցցանցերում նրա տեսանյութը արդեն հավաքել է ավելի քան 50 000 հավանում, ինչը վկայում է նախագծի հանրային պահանջարկի մասին:

Արդեն հաջորդ քայլն ԱԺ-ում քվեարկություններն են, որոնցից 4-ը դեռ պետք է տեղի ունենա: Պատգամավորն ակնկալում է, որ օրենքը մինչև ամառ կմտնի ուժի մեջ, ինչը հնարավորություն կտա հազարավոր քաղաքացիներին ազատվելու օնլայն խաղերի վնասակար ազդեցությունից: Նա հավելել է՝ թեև ԱԺ-ում մեծ աշխատանք է սպասվում, սակայն կարևորն այն է, որ կառավարությունը դրական եզրակացություն տվել է, ինչը կհեշտացնի ԱԺ-ում հարցի քննարկումը։ 

Կառավարությունը հունվարի 11-ի նիստում հավանություն էր տվել «Շահումով խաղերի գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով ենթադրվում է, որ Հայաստանի իշխանությունները վերահսկողություն են սահմանելու մոլախաղերի ոլորտում։ 

Leave a Comment