Գլխավոր դատախազության մոտ ակցիա է մեկնարկել՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի, ով կալանավորվել էր Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո։
Ակցիայի մասնակիցները, որոնք հիմնականում ծնողներ են, իրենց բողոքի ակցիան իրականացնում են նստացույցի ձևով՝ պահանջելով վերանայել երիտասարդի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
«Հայաքվե» նախաձեռնության անդամ, չորս երեխաների մայր Սայիդան հայտնել է, որ ակցիան նախատեսված է իրականացնել մեկ շաբաթ շարունակ՝ ամեն օր ժամը 11:00-ից մինչև 20:00-ն։
Սայիդայի փոխանցմամբ՝ Մինասյանի վիճակը ծայրահեղ է. նա թիկնապահի հարվածից ուղեղի ցնցում է ստացել և հիվանդանոցային պայմաններում կամ ընտանիքի հոգատարության ներքո լիարժեք բուժման կարիք ունի։
Նա հավելել է, որ նստացույցի միջոցով ցանկանում են մոբիլիզացնել հանրությանը, որպեսզի Դավիթը և նրա ընտանիքն զգան, որ միայնակ չեն։ Ըստ նրա՝ եթե մինչև ապրիլի 17-ն իրավիճակի դրական փոփոխություն չլինի, իրենք կշարունակեն պայքարը։
Ակցիայի մասնակից Մարիաննա Զարգարյանը, անդրադառնալով իրավիճակին, նշել է, որ եկել է աջակցելու կալանավորված երիտասարդին ու նրա ծնողներին, քանի որ ինքն էլ ունի գրեթե նույն տարիքի որդի։ Զարգարյանը շեշտել է, որ Դավիթն ունի առողջական խնդիրներ և նրան կալանքի տակ պահելը սխալ է՝ հավելելով, որ իշխանության ակնարկները, թե տեղի ունեցածը պետությանն ուղղված հարված է, այս դեպքին չեն վերաբերում։
Մինասյանին 2 ամսով կալանավորել են վարչապետի և նրա միջև Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետի։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակվել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։
Մինասյանին կալանավորելու որոշումից հետո հիվանդանոց էին տեղափոխել և ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք և ուղեղի ցնցում։ Մինասյանի գործը քննող 2 քննիչները՝ Հակոբ Հակոբկոխյանը և Դավիթ Կիրակոսյանը աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել։
