Լոնդոնը չի մասնակցի Հորմուզի նեղուցի արգելափակմանը

Լոնդոնը չի մասնակցի Հորմուզի նեղուցի արգելափակմանը

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ, անկախ ցանկացած ճնշումից, Լոնդոնը չի ներքաշվի Իրանի դեմ պատերազմի մեջ և չի մասնակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը։

«Մենք չենք աջակցում շրջափակմանը»,- ասել է նա BBC Radio 5 Live-ին՝ հավելելով, որ չափազանց կարևոր է նեղուցը կրկին բացելը։

«Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ նեղուցը բացվի և լիարժեք գործի։ Հենց այս ուղղությամբ ենք մենք վերջին մի քանի շաբաթների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը և շարունակելու ենք գործադրել»,- նշել է Սթարմերը։

Վարչապետը փաստել է, որ Բրիտանիան տարածաշրջանում ունի ականազերծման նավեր, և թեև ինքը չի կարող խոսել գործառնական մանրամասների մասին, սակայն ռազմական հնարավորությունները կենտրոնացված են նեղուցն ամբողջությամբ բաց պահելու վրա։

Սթարմերը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը պատերազմին միանալու ճնշում է զգում, սակայն ինքը չի գնա այդ քայլին, քանի դեռ չկան «հստակ իրավական հիմքեր» և «մանրակրկիտ մշակված ծրագիր»։

«Իմ որոշումը շատ հստակ է. անկախ ցանկացած ճնշումից (իսկ ճնշումը բավականին մեծ է եղել), մենք թույլ չենք տա, որ մեզ ներքաշեն պատերազմի մեջ»,- ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ երկուշաբթի օրվանից կսկսեն արգելափակել Իրանի նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող ծովային ողջ երթևեկությունը։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ հանգստյան օրերին կայացած բանակցությունները չհանգեցրին Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության։

Leave a Comment