Ադրբեջանական կողմը մեծ ուշադրությամբ հետևում է ընտրություններին. Քոչինյան

Ադրբեջանական կողմը մեծ ուշադրությամբ հետևում է ընտրություններին. Քոչինյան

«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանի խոսքով՝ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը մեծ ուշադրությամբ հետևում է ընտրություններին, քանի որ դրանց արդյունքներից է կախված հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացումը։ «Այս պահին խաղաղության գործընթացում ամենամեծ փոփոխականը Հայաստանի խորհրդարանական ընտրություններն են»,– ընդգծել է Քոչինյանը։

Քաղաքագետը միաժամանակ նշել է, որ երկու երկրների միջև արդեն ձևավորվել է խաղաղության գործընթացի համար անհրաժեշտ իրավական և քաղաքական հիմք՝ ներառյալ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, սահմանազատման և սահմանագծման ընթացող գործընթացները, ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նրա խոսքով՝ կարևոր է, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ինչ դիրքորոշում կցուցաբերեն այս գործընթացների նկատմամբ, քանի որ ընտրություններից հետո հենց հաղթող ուժն է որոշելու՝ երկիրը կշարժվի խաղաղության, թե հակառակ ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment