Ո՞վ է Վիկտոր Օրբանը․ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնած քաղաքական գործիչը պարտվեց ընտրություններում

Հունգարիայում տեղի ունեցած ընտրություններում պարտված վարչապետ Վիկտոր Օրբանը տարիներ շարունակ համարվել է հակասական և սկանդալային քաղաքական գործիչ՝ նաև Հայաստանի համար ցավոտ որոշումների հեղինակ։

ArmLur.am-ը ուսումնասիրեց, թե ով է Օրբանը և ի՞նչ դեր է նա ունեցել Հայաստանի հետ կապված ամենախնդրահարույց իրադարձություններից մեկում։

Հունգարիայի ընդդիմությունը պնդում է, որ վարչապետ Վիկտոր Օրբանը առանցքային դեր է խաղացել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված ադրբեջանական իշխանությունների հետ կնքված գործարքում։

Վիկտոր Օրբանը ծնվել է 1963 թվականին Հունգարիայի Սեկեշֆեխերվար քաղաքում։ 26 տարեկանում դարձել է «Երիտասարդ դեմոկրատների միության» («Ֆիդես») կուսակցության հիմնադիր-անդամ։

Նրա անունը լայնորեն հայտնի դարձավ 1989 թվականի հունիսի 16-ին, երբ հանրահավաքի ժամանակ պահանջեց խորհրդային զորքերի դուրսբերումը։ Մեկ տարի անց ընտրվեց խորհրդարան։ Առաջին անգամ վարչապետ դարձավ 1998 թվականին՝ աչքի ընկնելով սկանդալային նախաձեռնություններով, այդ թվում՝ այլ երկրներից համերկրացիներին Հունգարիայի անձնագրերի տրամադրման պարզեցված օրենքով, ինչը լարվածություն առաջացրեց Սլովակիայի և Ռումինիայի հետ։

2002 թվականի ընտրություններում պարտվելուց հետո 8 տարի ընդդիմությունում անցկացրեց, սակայն 2010-ին վերադարձավ իշխանության և սկսեց մի շարք աղմկահարույց փոփոխություններ իրականացնել։ Նրա կառավարման տարիներին, ըստ քննադատների, սահմանափակվել է խոսքի ազատությունը, խաթարվել է դատական համակարգը, իսկ պետական համակարգում նշանակվել էին մեծամասամբ  իր մերձավորները։

Ֆրանսիական L’Express-ը գրել էր, որ Օրբանը «իշխում է կատարյալ տիրակալի պես» և նրա օրոք «Հունգարիան հայտնվել է բռնատիրության և սնանկության եզրին»։

Օրբանի կարևոր քայլերից էր նոր Սահմանադրության ընդունումը, որի որոշ դրույթներ հակասում էին եվրոպական արժեքներին։ Այդ պատճառով նա խիստ քննադատության արժանացավ միջազգային տարբեր կառույցների և երկրների ղեկավարների կողմից, սակայն փաստաթուղթը ուժի մեջ մտավ 2012 թվականի հունվարի 1-ին։

Ենթադրվում է նաև, որ հենց Օրբանն է եղել Ադրբեջանի կողմից 2-3 միլիարդ դոլարի հունգարական պետական պարտատոմսերի գնման «ճարտարապետը», ինչի համար ընդդիմությունը նրան մեղադրում էր երկրի պատիվը «վաճառելու» մեջ։

Օրբանը նաև այն վարչապետն է, ով 2012 թվականի օգոստոսի 31-ին Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար։ Ադրբեջանում նա անմիջապես ներում ստացավ Իլհամ Ալիևի կողմից և դարձավ Ադրբեջանի ազգային հերոս։

Այդ որոշումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հունգարիան և Ադրբեջանը գործարքի մեջ են մտել՝ ընդգծելով, որ այդ քայլը կարող է խրախուսել նման հանցագործությունները։ Նույն օրը Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարել էր, որ Հունգարիայի կառավարությունը չէր կարող անտեղյակ լինել Սաֆարովի նկատմամբ Ադրբեջանում հնարավոր վերաբերմունքից և, այդպիսով, կրում է բարոյական պատասխանատվություն։

Հատկանշական է, որ միայն 2024 թվականին Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունները վերականգնվեցին, և նշանակվեցին դեսպաններ։

Այսպիսով, երկար տարիներ իշխանության մնացած և Հայաստանի համար հիշվող բացասական որոշումներով աչքի ընկած Վիկտոր Օրբանը այժմ պարտություն է կրել՝ փակելով իր քաղաքական երկարատև 16 ամյա կառավարման փուլը։

Անի Վարդանյան

Leave a Comment