13 ապրիլի 2026 – 11:59 AMT
PanARMENIAN.Net – Հերթական «հակասահմանադրական քայլով իշխող քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրում ներառեց եկեղեցուն վերաբերող մերժելի դրույթներ», հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուխտավոր երիտասարդների հետ հանդիպմանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կաթողիկոսն ընդունել է Հայաստանի տարբեր թեմերից ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած մոտ 650 եկեղեցասեր երիտասարդների` առաջնորդությամբ իրենց հոգևոր հովիվների, և իր պատգամն ու օրհնությունը բերել:
«Հայոց եկեղեցին մեր ժողովրդի հոգևոր տունն է, որտեղ յուրաքանչյուր հայորդի գտնում է սեր, խնամք ու հոգատարություն և զորանում երկնառաք շնորհներով ու օրհնություններով։ Ով ցանկանում է ճանաչել հայ ժողովրդի հոգին, հայացքը պիտի ուղղի Հայոց Եկեղեցուն։ Մեր Եկեղեցին ուժ է տվել իր զավակների ապրելու և արարելու ձգտումներին և խաղաղության ու արդարության իղձերին։ Մեր Եկեղեցին զորություն է պարգևել ազգ ու հայրենիք սիրելու և հավատարիմ իր առաքելությանը՝ պահպանել ու հարստացրել է մեր հոգևոր ու մշակութային ժառանգությունը, հետամուտ եղել նոր սերնդի հայեցի դաստիարակությանը։ Տերունավանդ քրիստոնեական արժեքներով մեր Եկեղեցին աշխարհասփյուռ հայության համար դարձել է միասնության հիմնասյուն՝ առաջնորդելով իր հոտը թե՛ խաղաղ օրերին և թե՛ փորձությունների ժամանակ։
Իր այս առաքելության ճանապարհին եկեղեցու առջև հաճախ հարուցվել են տարատեսակ խոչընդոտներ ու դժվարություններ։ Այսօր էլ ունենք անցանկալի մի իրավիճակ, երբ հայրենի մեր երկրում եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից։
Վերջին մեկ տարում ականատես ենք աննախադեպ ճնշումների՝ եպիսկոպոսների անօրինական ձերբակալությունների, հոգևոր սպասավորության իրականացմանն ուղղված արհեստական խոչընդոտների, մեր հնամենի վանքերի ու եկեղեցիների բռնազավթման փորձերի։ Իշխանությունների ակնհայտ հովանավորչությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված և կարգալույծ հռչակված անձը շարունակում է զավթված պահել առաջնորդարանը և դատարանի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի որոշումներով՝ աշխարհիկ կարգավիճակով գործել որպես թեմակալ առաջնորդ։
Օրերս նաև հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք, երբ իշխող քաղաքական ուժը իր նախընտրական ծրագրում ներառեց Հայ Եկեղեցուն վերաբերող մերժելի դրույթներ։ Այս ամենը, ինչպես քաջատեղյակ եք, ուղեկցվում է շինծու մեղադրանքներով, անհանդուրժողականության հրահրմամբ, բացահայտ սպառնալիքներով։
Պատմությունը, սակայն, վկայում է, որ առ Աստված ապավինությամբ մեր եկեղեցին միշտ հաղթահարել է բոլոր փորձությունները։ Այսօր էլ Հայ եկեղեցին մնում է մեր ազգային վերելքի նախանձախնդիր սպասավորը՝ մեր երկրի զորացման, հասարակական համերաշխության անդավաճան ջատագովը և շարունակելու է պաշտպանել մեր ազգային իրավունքները, իղձերն ու նպատակները»,-ասել է կաթողիկոսը:
Նա կարևորել է երիտասարդ սերնդի ակտիվ ներգրավումը եկեղեցական կյանքում։
«Դուք և ձեր հասակակիցներն եք մեր հայրենիքի զորացման, մեր Սուրբ եկեղեցու պայծառության և մեր ժողովրդի լուսավոր ապագայի երաշխավորը»,-ասել է նա:
Կաթողիկոսը իր խոսքից հետո նաև պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են եկեղեցական ծրագրերին, հովվական ծառայությանը և երիտասարդների ներգրավվածությանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության **նախընտրական ծրագրում «ՀԱԵ վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը»: «**Ինչպես քանիցս Մայր Աթոռը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր-կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից»,-ասվում էր հայտարարության մեջ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ապրիլի 4–ին հրապարակված նախընտրական ծրագրում դրույթներ կան եկեղեցու բարենորոգման և կաթողիկոսի հեռացման մասին: