Մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը․ ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է Հունգարիայի ընտրություններում․ Օրբանն ընդունել է պարտությունը



Հունգարիայում անցկացված ընտրությունների արդյունքում ընդդիմադիր Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթանակ է տարել, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում: 16 տարի իշխանության ղեկին գտնվող վարչապետ Վիկտոր Օրբանն իր «Ֆիդես» կուսակցության հետ արդեն ընդունել է պարտությունը և խոստացել շարունակել աշխատանքը՝ գտնվելով ընդդիմության մեջ: Այս մասին փոխանցում է bbc.com-ը։



Հունգարիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ինչպես կուսակցական ցուցակներով, այնպես էլ միամանդատ ընտրատարածքներով։ Քվեաթերթիկների գրեթե 99 տոկոսի մշակումից հետո «Տիսա» կուսակցությունը ստանում է 199 մանդատից 138-ը, ինչը նշանակում է, որ այն, ամենայն հավանականությամբ, կունենա սահմանադրական մեծամասնություն:


Գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությանը բաժին է հասնում 54 մանդատ: Եվս վեցը ծայրահեղ աջակողմյան «Մեր հայրենիք» կուսակցությունն է (Mi Hazánk)։ Խորհրդարան անցնելու համար Հունգարիայում կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։


Վերջնական ձայների հաշվարկին չսպասելով՝ Վիկտոր Օրբանը հայտարարեց, որ արդեն շնորհավորել է Մադյարիին հաղթանակի կապակցությամբ։

Նա ասաց, որ ընտրությունների արդյունքները պարզ են՝ դրանք ցավոտ անվանելով, և հավելեց, որ «Ֆիդեսը» կծառայի Հունգարիային որպես ընդդիմության անդամ։

Ելույթ ունենալով երկուշաբթի գիշերը Բուդապեշտի կենտրոնում կողմնակիցների հաղթական հանրահավաքում՝ Մադյարը ամբոխի հավանության բացականչությունների ներքո հայտարարել է. «մենք դա արեցինք»:

Նրա խոսքով՝ «Տիսան» և Հունգարիան միասին հաղթեցին այս ընտրություններում։ «Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը»,-հայտարարել է Մադյարը՝ հավելելով, որ առանց կիրակի օրը ընտրատեղամասեր եկած և քվեարկածների սա հնարավոր չէր լինի։

«Տիսա»-ի առաջնորդի խոսքով՝ ժողովրդավարական Հունգարիայի պատմության մեջ երբեք այսքան շատ քվեարկողներ չեն եղել: Իսկապես, ընտրատեղամասերի փակվելուց երկու ժամ առաջ հայտնի դարձավ, որ ընտրություններին ռեկորդային բարձր մասնակցություն է գրանցվել՝ 74,23 տոկոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment