
«Գիտեմ, որ հումանիտար հարցերի քննարկումը մեր հասարակության ուշադրության կենտրոնում է, ուստի ասեմ, որ շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել այս հարցերի շուրջ»,- Ադրբեջան մեկնած Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ հայտնեց իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ «Մենք ոչ մեկ անգամ խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին, հերթական անգամ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել և պիտի այս հարցերը լուծվեն, որպեսզի պրոցեսի առաջընթացը երաշխավորված լինի։ Բարձրացրել ենք նաև անհետ կորածների խնդիրը, հայտնել ենք մտահոգություն, որ այս հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում»,- նշել է նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմն էլ իր հերթին բարձրացրել է իրենց հուզող հարցերը՝ ականների պայթունի արդյունքում վնասված, զոհված անձնաց հարցը և 90-ականներին անհետ կորածների հարցը։
Հիշեցնենք՝ ՀՀ քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ նախորդ շաբաթ մեկնել էին Ադրբեջան: