Կոտայքի մարզում Հրազդան-Բջնի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է դարձել քարաթափման հետևանքների վերացումից հետո, հայտնում է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ ապրիլի 12-ին, ժամը 13:18-ին, ահազանգ է ստացվել ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ իրարից մոտ 100 մետր հեռավորության վրա տեղի է ունեցել երկու քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասը միակողմանի փակվել էր։
Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը սահմանազատել է տարածքը և ճանապարհների շինարարության ու շահագործման ձեռնարկության (ՃՇՇ) աշխատակիցների հետ համատեղ իրականացրել քարաբեկորների հեռացման աշխատանքներ։ Գերատեսչության տվյալներով՝ ներկա պահին ճանապարհը լիովին մաքրված է և բաց երթևեկության համար։
