Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրել է Պաղեստինում և Լիբանանում վայրագություններ իրականացնելու մեջ և սպառնացել հնարավոր ռազմական միջամտությամբ՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում Թուրքիայի նախկին գործողությունները, փոխանցում է Jerusalem Post-ը։
Ստամբուլում Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի ժամանակ Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ «արյունոտ ցեղասպանական ցանցը» շարունակում է սպանել անմեղ երեխաների և կանանց՝ անտեսելով մարդկային բոլոր արժեքները։ Նրա խոսքով՝ Իսրայելը ստիպել է 1,2 միլիոն լիբանանցիների լքել իրենց տները, իսկ Քնեսեթի կողմից ահաբեկիչների համար մահապատժի սահմանումը որակել է որպես «բարբարոսական» քայլ՝ ուղղված պաղեստինցի բանտարկյալների դեմ։
Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցերին, Էրդողանն էլ ավելի է սրել հռետորաբանությունը՝ ակնարկելով Թել Ավիվի դեմ ուղիղ ռազմական գործողությունների հնարավորության մասին։ «Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի թույլ չտանք Իսրայելին նման բան անել Պաղեստինի հետ։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կանենք նաև նրանց հետ։ Չկա ոչինչ, որ մեզ կխանգարի դա անել», — հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Իսրայելի ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուն խստորեն դատապարտել է Էրդողանի հայտարարությունները՝ նրան մեղադրելով կեղծավորության մեջ։ Նախարարը հիշեցրել է Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումը, քրդերի նկատմամբ վերաբերմունքը և Հայոց ցեղասպանությունը։ «Թուրքիան, որը կառուցել է իր տնտեսությունը Հայոց ցեղասպանության վրա, համարձակվում է մեզ մեղադրել ցեղասպանության մեջ», – նշել է Էլիյահուն՝ հավելելով, որ Էրդողանը «կայսերական նկրտումներով մոլագար բռնապետ է»։
Իսրայելցի պաշտոնյան կոչ է արել երկրի կառավարությանը վերջնականապես խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Որպես բողոքի նշան՝ նա նաև հրապարակել է արհեստական բանականությամբ պատրաստված լուսանկար, որտեղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դրոշ է տնկում Երուսաղեմի Տաճարի լեռան վրա, իսկ Էրդողանը պատկերված է նրա ոտքերի տակ կռացած վիճակում։
Լիբանանում իսրայելական հարվածներն սկսվել էին մարտի 2-ից: Իսրայելական ուժերն ապրիլի 8-ին ընդամենը 10 րոպեի ընթացքում հարվածներ էին հասցրել Լիբանանի ավելի քան 100 թիրախի՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությանը։
