Հունգարիայում ավարտվել են երկրի միապալատ խորհրդարանի՝ Պետական ժողովի ընտրությունները, որոնց արդյունքներից է կախված, թե ով կդառնա երկրի հաջորդ վարչապետը։
РБК-ի փոխանցմամբ՝ տեղամասերի փակման պահին գրանցվել է ընտրողների ռեկորդային մասնակցություն՝ 77,8%։ Հունգարիայի ազգային ընտրական հանձնաժողովն արդեն սկսել է ձայների հաշվարկը, իսկ առաջին նախնական արդյունքները սպասվում են մոտակա ժամերին։
Հասարակական կարծիքի հարցումները կանխատեսում են Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» ընդդիմադիր կուսակցության հաղթանակը։ Մադյարը, ով ընդամենը երկու տարի առաջ գործող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» իշխող կուսակցության անդամ էր, այժմ հանդես է գալիս որպես նրա գլխավոր մրցակից։ PolitPro-ի ապրիլի 11-ի տվյալներով՝ ընդդիմության առավելությունը կազմում էր գրեթե 9 տոկոսային կետ՝ 49,3 % ընդդեմ իշխող ուժի 40,5 %-ի։
Հունգարիայի Պետական ժողովն ընտրվում է խառն ընտրակարգով և բաղկացած է 199 պատգամավորից։ Նրանցից 106-ն ընտրվում են միամանդատ ընտրատարածքներից՝ մեծամասնական սկզբունքով, իսկ 93-ը՝ համապետական կուսակցական ցուցակներով՝ համամասնական համակարգով։ Կուսակցությունների համար սահմանված է 5 տոկոսի անցողիկ շեմ, երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10 %, իսկ երեք և ավելի ուժերի միավորումների դեպքում՝ 15 %։
Օրբանը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1998-2002 թվականներին, ապա վերադարձել 2010-ին և այդ ժամանակից ի վեր պաշտոնավարում է չորրորդ ժամկետն անընդմեջ։ 2022 թվականի ընտրությունների արդյունքներով «Ֆիդես»-ի և Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցության կոալիցիան ստացել էր խորհրարանի տեղերի մոտ երկու երրորդը։ Այս ընտրություններում հաղթանակի դեպքում Օրբանն արդեն վեցերորդ անգամ կգլխավորի կառավարությունը։
