Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հունիսի վերջին՝ խորհրդարանական ընտրություններից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք նոր հանդիպման մասին, նոր իրավիճակ է ստեղծել։ Դա պարզապես աշխատանքային այցի անոնս չէր, այլ ավելի շատ ՀՀ-ՌԴ աշխարհաքաղաքական «ընդունման-հանձնման» ակտի համար նշանակված ամսաթիվ։ Հունիսի 7-ից հետո Հայաստանի ղեկավարը Մոսկվայում պետք է քննարկի այն կոշտ դիվանագիտական պահանջների արդյունքները, որոնք ձևակերպվեցին ապրիլի 1-ին Կրեմլում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահն ապրիլի 1-ին բացեց բոլոր խաղաքարտերը։ Պրոռուսական ուժերի՝ ընտրություններին ազատ, առանց քրեական հետապնդումների մասնակցելու հնարավորության մասին Պուտինի պահանջը ոչ այլ ինչ էր, քան ուղիղ միջամտություն Հայաստանի ներքաղաքական գործընթացներին և անվտանգության երաշխիքների պահանջ՝ իրենց հովանու տակ գտնվող ուժերի համար։
Կրեմլը, ըստ էության, պահանջեց նվազագույնը երաշխավորել իր ազդեցիկ «քվոտայի» ծանրակշիռ ներկայությունը հայաստանյան խորհրդարանում, իսկ առավելագույնը՝ ձայների բավարար բաշխվածության դեպքում իշխանությունն առանց ցնցումների, «ընտրական» ճանապարհով հանձնել յուրային ուժերին։
Շանտաժային պատանդառում
Բացահայտելով իր խաղաքարտերը՝ Մոսկվան այդ պրոռուսական ուժերին դարձրեց իր աշխարհաքաղաքական «պատանդները»։ Մի կողմից, նրանց փորձում է տալ անձեռնմխելիության տոմս՝ ակնարկելով Փաշինյանին և հայաստանյան ուժայիններին, որ նրանց «ձեռք տալը» հավասարազոր է Կրեմլի շահերին հարվածելուն։ Մյուս կողմից՝ Կրեմլը հայ ընտրողի աչքում նրանց դրոշմեց «օտարերկրյա գործակալի» խարանով։
Այս պահանջը կապիտալիզացվեց Հայաստանի նկատմամբ սոցիալ-քաղաքական ու էներգետիկ գրեթե ուղիղ սպառնալիքներով․ գազի գնի եռակի աճ, Ռուսաստանում հայկական կապիտալի ճնշում, հայ միգրանտների արտաքսում, գյուղատնտեսական և այլ ապրանքների ներկրման դադարեցում և այլն։
Արդեն պարզ է, որ Ռուսաստանը որոշել է գազային և առևտրատնտեսական շանտաժի ֆոնը պահպանել որպես հայ ընտրողների նկատմամբ հոգեբանական էքսպանսիայի միջոց և դրանով իսկ օժանդակել յուրային տեղական ուժերին։ Իսկ Փաշինյան-Պուտին հանդիպման օրն ընտրություններից հետո նշանակելով՝ Կրեմլն ազդանշան է տալիս, որ հենց դրանից հետո է անցնելու կոնկրետ գործողությունների։ Գործողությունների բնույթը, Կրեմլի տեսանկյունից, պայմանավորված կլինի երկու հանգամանքով․ առաջին՝ որքանո՞վ կկարողանան իր հովանավորյալ ուժերը (որոնք այս պահին ՔՊ-ի հիմնական մրցակիցներն են) ազատ մասնակցել ընտրություններին, և երկրորդ՝ եթե, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը հաղթի, լեգիտիմության ի՞նչ պաշար նա կունենա։
Լեգիտիմության պաշարը տվյալ դեպքում շատ կոնկրետ է։ Կրեմլն անուղղակի պահանջում է, որ եթե անգամ գործող իշխանությունը հաղթի, չունենա բացարձակ մեծամասնություն։ Եվ հենց այստեղ է նրա առաջարկած «գործարքը»․ լոյալություն՝ ոչ սահմանադրական մեծամասնություն ձևավորելու դեպքում, և ճնշման գործիքակազմի ագրեսիվ կիրառում՝ բացարձակ հաղթանակի դեպքում։
Այն փաստը, որ Կրեմլը պլանավորում է հանդիպումն ընտրություններից անմիջապես հետո, հուշում է, որ ՌԴ-ում բավական բարձր են համարում ՔՊ-ի հաղթանակի շանսերը և պատրաստ են ընդունել այդ փաստը՝ իրենց գծած շրջանակներում։ Հակառակ դեպքում անտրամաբանական կլիներ նման հանդիպման պլանավորումը հեռացող առաջնորդի հետ։
Մոսկվայի հաշվարկները թվում են տրամաբանական․ նրանք ցույց են տալիս, որ չեն ձգտում Հայաստանում քաոս ստեղծել։ Քանի դեռ Կրեմլը խրված է ուկրաինական պատերազմում, այլ ուղղությամբ նոր էսկալացիան իր դեմ է խաղալու։ Նրանց պետք է կանխատեսելի իրավիճակ մի իշխանության պայմաններում, որն այլևս ունակ չի լինի անտեսել իրենց կենսական շահերը և գործնականում կհրաժարվի եվրաինտեգրման ուղեգծից, կհամակերպվի տարածաշրջանային «3+2» ձևաչափի հետ և կապահովի ռուսական շահերի ներգրավվածությունը կոմունիկացիոն նախագծերում։
«Կառուցողական սպասման» մարտավարությունը
Այս աննախադեպ ռուսական «հարձակման» ֆոնին, որը կարելի է գնահատել որպես հիբրիդային պատերազմի պաշտոնականացում, ՀՀ իշխող ուժի մարտավարությունը հիշեցնում է «շախմատ՝ ըմբշամարտի ժամանակ»։ Գործող իշխանությունը փորձում է Ռուսաստանին պահել «կառուցողական սպասման» մեջ մինչև հունիսի 7-ը՝ հույսը դնելով ոչ միայն ընտրողների, այլև Արևմուտքի քաղաքական և տեխնոլոգիական աջակցության վրա։
Ակնհայտ է, որ ձևավորվել է նոր ստատուս-քվո։ Գործ ունենք ոչ թե դասական ընտրությունների, այլ աշխարհաքաղաքական հանրաքվեի հետ, որի արդյունքները պետք է «վավերացվեն» Մոսկվայում։ Ռուսական միջամտությունը ստեղծել է իրավիճակ, որտեղ ընտրողը հայտնվել է երկու քարի արանքում․ մի կողմից՝ ինքնիշխանության ձգտումն է, մյուս կողմից՝ դրա համար սահմանվող դաժան գինը վճարելու մտավախությունը։ Այս իմաստով, ներկա փուլում անգամ կարևոր էլ չէ, թե որքանով են այդ սպառնալիքներն իրական կամ իմիտացիոն։
Գոռ Աբրահամյան
