Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
– Դոնալդ Թրամփի խոստացած քաղաքակրթությունը վերացնելը չեղավ. ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի հարցում։ Ինչու՞ կողմերը այդքան իրավիճակը թեժացնելուց հետո գնացին գոնե այս պահին համաձայնության։
– Կարծում եմ՝ կողմերը ելք էին փնտրում դադարեցնելու համար պատերազմը։ Իրանի 10 կետանոց առաջարկ-պայմանները հիմք են հրադադարի համաձայնությանը, սակայն դեռևս պարզ չէ բանակցությունների ընթացքը։ Կա, սակայն, ճիգ՝ պատերազմը չվերսկսելու։ Հակառակ Լիբանանում իսրայելյան հարձակումների շարունակմանը, որի դիմաց Իրանը վերափակեց Հորմուզը, հրադադարը մեծ հաշվով պահպանվում է, և Իսլամաբադում ընթանում են ուղիղ բանակցություններ։ Սա նշանակություն ունեցող երևույթ է և որոշակի առումով ուղենշային։
– Երկու կողմն էլ պնդում է՝ ինքն է հաղթել այս պատերազմում։ Եթե քարոզչական նարատիվները թողնենք, ձեր գնահատմամբ ո՞վ է հաղթել․
– Անկախ տեղեկատվական պատերազմից՝ մի քանի փաստ պետք է արձանագրել։ Իրանը գնում է բանակցությունների միևնույն վարչակարգի ներկայացուցիչներով։ Իրանը չի մասնատվել․ քրդական գործոնը կամ ազերի ծագում ունեցող ազգաբնակչությունը անջատողական դրսևորումներ չեն գրանցել։ Միաժամանակ, սակայն, Իրանը հզոր հարված է ստացել թե՛ պրոքսիների, և թե՛ ռազմական արտադրողականության և կարողականության առումով։ Ոչ պարտյալ, ոչ հաղթող վիճակում են երկու կողմերը։
– Սակայն շատ փորձագետներ թերահավատ են, որ կկարողանան համաձայնության հասնել։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք կկարողանան բանակցել ու համաձայնության հասնել, թե՞ նորից որոշ ժամանակ անց ականատես կլինենք ռազմական գործողությունների, առավել ևս, երբ խոսքը նաև Լիբանանին հարվածելու մասին է։
– Ամբողջ հանգուցակետը կարծում եմ՝ Հորմուզով խորհրդանշվող էներգետիկ համակարգի և դրա տարանցիկ ուղիների վերահսկման և գերշահույթների վերաբաշխմանն է վերաբերում։ Եթե այդ ոլորտում համաձայնության եզրեր երևան, դա նշանակում է, որ նախադրյալներ կան բանակցությունների արդյունավորման։ Եթե այդ մեծ հանգույցի շուրջ համաձայնություն լինի, ապա մնացյալ խնդիրները կլինեն ածանցյալ, ընդ որում՝ Լիբանանը։ Այդ դեպքում Վաշինգտոնը Թել Ավիվին կստիպի դադարեցնել իր հարձակումները։ Արդեն իսկ մեղմացնելու թելադրանք է եղել Նեթանյահուին՝ Թրամփի կողմից։
– Ինչու՞ է Իսրայելը շարունակում Լիբանանի դեմ գործողությունները՝ սրելով իրավիճակը։
– Իսրայելի հարձակումների սաստկացումը համընկնեց հրադադարի համաձայնության հրապարակմանը։ Իսրայելի առաջնային խնդիրը հարավային գոտում անվտանգության գոտի ձևավորելն է։ Իսրայելը շրջանցվել է հրադադարի համաձայնությունում․ շտապում է լուծել իր խնդիրները։ Լիբանանի վրա հարձակումների աննախընթաց զարգացումը պայմանավորված է հավանական համաձայնության դիմաց իր խորը անհանգստությամբ։
– Արդյո՞ք Հորմուզի նեղուցը կբացվի այնպես, ինչպես ցանկանում է ԱՄՆ-ը։
– Ջրանցքը ի վերջո կվերաբացվի միջազգային մեխանիզմների ներգրավվածությամբ, թեկուզ՝ ռազմական առումով Իրանի վերահսկողության ներքո։ ԱՄՆ-ը կիրառում է գլոբալ առումով նավթարդյունաբերման ռազմավարական նշանակություն ունեցող կետերի վրա վերահսկողություն հաստատելու քաղաքականություն։ Սա շղթայի մեկ օղակն է ընդամենը։
– Իրանի ներկայացրած 15, թե՞ ԱՄՆ-ի 10 կետերի շուրջ կընթանան բանակցությունները։
– Կարծում եմ՝ համախառն։ Ընդհանուր կետեր կան այնտեղ, որոնց նկատմամբ կողմերը կունենան տարբեր պատկերացումներ։ Ամփոփ՝ առանցքը բանակցությունների կլինի Հորմուզի նոր մեխանիզմները Իրանի պատժամիջոցների ամբողջական վերացման դիմաց։ Այն, ինչ որ իբրև շահույթ կկորցնի Իրանը, կփորձի հակակշռել պատժամիջոցների վերացումով՝ համաշխարհային տնտեսական շուկայում իր լիարժեք դերի վերականգնումով։
– Միջազգային շատ փորձագետներ խոսում են աշխարհակարգի, նաև՝ Մերձավոր Արևելքում անվտանգության երաշխիքների համակարգի արմատական փոփոխության մասին։ Արդյո՞ք ականատես կլինենք նման բանի, ի՞նչ փոփոխություններ կլինեն։
– ԱՄՆ-Իրան համաձայնությունը կփոխի աշխարհակարգային կանոնները և այդ առումով կվերափոխի Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը, որն արդեն վերաձևավորման ընթացքում է։ Երկու կողմերը արբանյակ պետությունների դաշտում կը վերաբաշխեն տնտեսաքաղաքական խաղաթղթերը և տարածաշրջանում միջպետական հարաբերությունների համապատկերը։
Արման Գալոյան
