Ադրբեջանը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին – armeniatoday.am

Ադրբեջանը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, հայտնում է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը

Գործակալությունից նշել են, որ սոցիալական ցանցերի մոնիթորինգը հաստատել է հերթական մշակութային ոչնչացման փաստը։

Եկեղեցին կառուցվել էր 2007 թվականին, հհիմնարկեքը տեղի էր ունեցել 2005 թվականի սեպտեմբերին և ավարտվել 2007 թվականի սկզբին՝ ամերիկահայ բարերար Ներսես Եփրեմյանի աջակցությամբ, ի հիշատակ նրա որդու՝ Հակոբ Եփրեմյանի։

«Սա Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական պետական քաղաքականության մի մասն է՝ ուղղված հայկական ներկայության, հիշողության և հենց հայրենիքի ջնջմանը օկուպացված տարածքներում։ Ոչնչացվում են ոչ միայն հուշարձաններ, այլև ժողովրդի կապը իր պատմական հողի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալությունը կոչով դիմել է միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ին՝ հստակ գնահատական տալու տեղի ունեցողին և ձեռնարկելու գործուն քայլեր մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու համար։

Նաև արձանագրել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից մշակութային ժառանգության պաշտպանության և բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցում հետևողական և կոշտ դիրքորոշման բացակայությունը միայն խորացնում է անպատժելիության մթնոլորտը և խրախուսում նոր հանցագործություններ։

ԱՄՆ միջազգային հանձնաժողովի զեկույցում արձանագրվել էր Արցախում հայկական հուշարձանների ոչնչացման փաստը։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) նախաձեռնությունն ապրիլի 6-ին հայտնել էր, որ Ստեփանակերտում անհայտ անձինք կոտրել են Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի առնվազն երկու պատուհան։ Ապրիլի 7-ին հայտնի էր դարձել, որ ոչնչացվել է նաև Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը։

Leave a Comment