Հայաստանի այսօրվա ՔՊ-ականների իշխանությունը՝ վերից վար, անպատասխանատուների համախումբ է։ Մի ադեկվատ մարդ չկա մեջները։ Ոչ մեկն իրեն հաշիվ չի տալիս իր արածների ու ասածների համար։ Իրենց քաղաքական ամբիցիաները բավարարելու համար պատրաստ են ցանկացած պահի զոհասեղանին դնել երկրի ու ժողովրդի ճակատագիր։
Առանց մտածելու, առանց հետևանքները հաշվի առնելու՝ ասում են այն, ինչ խելքներին փչում է։
Ի պատասխան ՌԴ նախագահի այն ակնարկի (չնայած թվում է՝ առանց ակնարկի էլ ամեն ինչ շատ պարզ է ու այլ բան դժվար է սպասել), թե ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում Հայաստանի համար ռուսական գազը, ուզած թե չուզած, կթանկանա, գուցե նաև կրկնակի-եռակի անգամ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, իր ու իր ղեկավարի կարճ խելքով, հաթաթա է տալիս Ռուսաստանի նախագահին։ Ասում է՝ եթե Ռուսաստանը գազի կամ այլ հարցերի վերաբերյալ որոշում կայացնի, ապա Հայաստանն էլ կկայացնի իր որոշումը և դուրս կգա թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից։
Մեկը հարցնող լինի Ազգային ժողովի նախագահին՝ դրանով ո՞ւմ եք վատություն անելու՝ Ռուսաստանի՞ն, թե՞ Հայաստանին ու հայ ժողովրդին։
ՀԱՊԿ-ից, առավել ևս՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում ո՞վ է տուժելու՝ Ռուսաստա՞նը, թե՞ Հայաստանը։ Գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ եք ասում, թե ինչ կոլապսի առաջ կարող եք կանգնեցնել երկիրը՝ ձեր անհավասարակշիռ պահվածքի ու անհաշվենկատ որոշումների պատճառով։
Ո՞վ է ձեզ իրավունք տվել՝ չկշռադատված ու ցինիկ հայտարարություններով խաղալ երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ։ Ժողովրդի կարծիքը հարցրե՞լ եք նման հայտարարություններ անելուց առաջ, թե՞ ժողովրդի կարծիքը ձեր համար վաղուց արդեն նշանակություն չունի։
Ժողովուրդը պետք է հստակ իմանա, թե ի՞նչ է իրեն սպասվում նման դեպքում։ Հետո, ինչ-որ շատերը չեն պատկերացնում այդ արկածախնդրության իրական հետևանքները։
Եթե վաղն այնպես ստացվի, որ Ռուսաստանը գազի, կամ, ինչպես Ալեն Սիմոնյանն է ասում, այլ հարցերի վերաբերյալ ոչ ցանկալի որոշումներ կայացնի, հետևանքներն իրենց վրա ո՛չ Ալեն Սիմոնյանը, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանն են կրելու, իրենք իրենց կառավարական դաչաներում էլի տաքուկ ապրելու են ու շարունակելու են կյանքը վայելել։ Այդ ամենի ազդեցությունը ՔՊ-ականները նույնպես չեն զգալու իրենց վրա, որովհետև արդեն վաղուց հասցրել են տեղը տեղին հարստանալ ու կարող են իրենց ճոխություններ թույլ տալ, նաև թանկ գազ վառել։ Իսկ ի՞նչ է անելու սովորական քաղաքացին, ով այսօր էլ հազիվ է կարողանում գոյություն պահպանել։ Ի՞նչ է անելու վաղը, երբ ոչ միայն գազի գինը կրկնակի, եռակի բարձրանա, այլև տնտեսությունը ենթարկվի կոլապսի։
Խնդիրը միայն մի քանի սառը ձմեռները չեն, որը ժամանակին զգուշացնում էր Քարնեգի հիմնադրամի փոխնախագահ Դեն Բայերը, այժմ էլ նույնը կրկնում են որոշ տաք գլուխներ։ Խնդիրը երկրի ամբողջ տնտեսությանն է վերաբերում, երբ ոչ միայն գազը թանկանա, այլև ռուսական շուկան ու Ռուսաստանն ընդհանրապես փակվի Հայաստանի համար։
Հաթաթա են տալիս Ռուսաստանի իշխանություններին։ Իսկ ի՞նչ են ասել Ռուսաստանի իշխանությունները, զգուշացրել են ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին։ Սա ոչ թե շանտաժ է կամ սպառնալիք, ինչպես հասարակության որոշ շերտերի ուղեղները լվանալու համար միտումնավոր երբեմն փորձում են այդ կերպ ներկայացնել, այլ զգուշացում, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ կարող է լինել այդ պարագայում։
Գիտե՞ք, թե ինչու են որոշել այդպես բացեիբաց ասել այդ ամենը, որովհետև տեսնում են, թե ինչպես են Հայաստանի այսօրվա կառավարիչները խաբում ժողովրդին, թաքցնում ճշմարտությունը, խուսափում են խոսել այն ծանր հետևանքների մասին, որոնց կարող ենք բախվել ՔՊ-ականների չմտածված որոշումների պատճառով, ինչպես մինչև հիմա եղել է բոլոր ճակատագրական պահերին։
Ժողովուրդը պիտի իմանա, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով ոչ թե Ռուսաստանն է տուժելու, այլ Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Մի պոպուլիստ նախարար կա, ասում է՝ Ռուսաստանը գազը չի թանկացնի, որովհետև Հայաստանը պետք է Ռուսաստանին։ Հավանաբար նկատի ունի այն, որ պատժամիջոցների պայմաններում Հայաստանի միջոցով որոշ ապրանքների շրջանառություն է իրականացվում Ռուսաստանի հետ։ Այս մարդիկ չեն հասկանում, որ Ռուսաստանի համար մեծ տարբերություն չկա՝ Հայաստանի՞, թե՞ մեկ ուրիշի միջոցով կիրականացնեն այդ շրջանառությունները։ Թե՞ կարծում են՝ այդպիսիք չեն գտնվի։
Հետո էլ, այնպես չէ, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հավերժ են լինելու, որ Հայաստանն էլ դրանից մշտապես կարողանա օգտվել ու օգուտներ ստանա։ Շատ շուտով դրանք հանվելու են, արդեն տեսանելի են պատժամիջոցների թուլացումները։ Կասկած չկա, որ այդ միտումներն առաջիկայում շարունակվելու են։ Այդ դեպքում ինչո՞վ է Ռուսաստանը զգալու Հայաստանի միջնորդության կարիքը։ Այդ ի՞նչ ենք մատակարարում ռուսական շուկա, որ չեն կարողանալու այլ տեղից բերել։
Հայաստանի տնտեսությունն է, որ Ռուսաստանի ու ռուսական շուկայի կարիքն ունի։
Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ եթե Ռուսաստանը գազը թանկացնի, կամ Հայաստանը չստանա այն օգուտները, որը ստանում է, ինչո՞ւ պիտի մնա այդ միության մեջ։ Կսկսվի այլ միության մեջ գործընթաց, ավելի արագացված կերպով։ Իսկ ո՞վ է ձեզ սպասում այլ միության մեջ։
Այդ պարագայում Հայաստանը պարզապես հայտնվելու է «բորդյուրին»։ Մի տեղից դուրս է մնալու՝ մեկ այլ տեղ մտնելու անորոշ հեռանկարով։ Թե՞ կարծում են՝ այլ միության մեջ աչքները սառած սպասում են Հայաստանին։
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս մնալու հետևանքները կրելու է ժողովուրդը։ Բայց, ինչպես տեսնում ենք, դա այսօրվա քաղաքական իշխանությանը քիչ է մտահոգում։ Պատրաստ են ևս մեկ դժոխքի միջով անցկացնել երկիրն ու ժողովրդին՝ անորոշ հեռանկարով։
Ոչ մի Եվրոպա այդ պարագայում չի կարող Հայաստանը փրկել տնտեսական ու էներգետիկ կոլապսից՝ իր բոլոր սոցիալական ու կենցաղային ծանր հետևանքներով։ Մտածում են, որ կարող են ատոմակայանի փոխարեն՝ արևային էներգիայով բավարարել երկրի պահանջարկը, ինչը պարզապես անմտություն է։ Բայց կապ չունի. Այդպիսի պրիմիտիվ միջոցներով փորձում են խաբել ժողովրդին։ Ու եթե, ի վերջո, ժողովուրդն ուշքի չգա ու չբռնի իր ճակատագրի հետ խաղացող այս մարդկանց ձեռքը, հետևանքները սարսափելի ծանր են լինելու։ Տուժողը ոչ թե Ռուսաստանն է լինելու, այլ Հայաստանն ու հայ ժողովուրդը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ