Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ քննարկելով Իսլամաբադում ընթացող բանակցությունները և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը։
Մակրոնն X-ի իր էջում գրել է, որ կոչ է արել իրանական կողմին օգտվել Իսլամաբադում ընթացող երկխոսության հնարավորությունից՝ նպաստելու լարվածության կայուն նվազեցմանը և համապարփակ համաձայնության հասնելուն, որը կապահովի տարածաշրջանի անվտանգության հուսալի երաշխիքներ՝ շահագրգիռ բոլոր երկրների մասնակցությամբ։
Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության և անվտանգության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել այդ գործընթացին։
Բացի այդ, Մակրոնը կարևորել է հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը, այդ թվում՝ Լիբանանում, և հայտնել, որ Ֆրանսիան պատրաստ է լիովին աջակցել լիբանանյան իշխանություններին՝ որպես երկրի միակ օրինական կառույց, որն իրականացնում է ինքնիշխանություն և որոշումներ կայացնում Լիբանանի ապագայի վերաբերյալ։
