«Հետք»․ Կառավարությունը նախատեսում է $9․8 մլն տալ ԱՆԻՖ-ին, որ վերջինս մարի պարտքերը

«Հետք»․ Կառավարությունը նախատեսում է $9․8 մլն տալ ԱՆԻՖ-ին,  որ վերջինս մարի պարտքերը

11 ապրիլի 2026 – 12:30 AMT

PanARMENIAN.Net – Կառավարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսվում է $9․8 մլն հատկացնել ԱՆԻՖ-ին, որ վերջինս մարի պարտքերը, հայտնում է «Հետքը»:

Կառավարությունը ծրագրել է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ներդրումային ֆոնդից վերցնել վերջինիս ունեցած 3.7 մլրդ դրամը (Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով՝ 9.8 մլն դոլար) և փոխանցել պետբյուջե ։ Նշված գումարից 3.61 մլրդ դրամը ձևավորվել է մասնավոր չորս ընկերություններից վերադարձված միջոցներից, որտեղ ֆոնդը նախկինում իրականացրել է ներդրումներ՝ դառնալով համասեփականատեր։ 2025-ի օգոստոսին կառավարությունը սկսել է ներդրումների վերադարձի գործընթաց, որի արդյունքում արդեն հետ է ստացվել այդ գումարը։

Պետբյուջե փոխանցվելիք 3․7 մլրդ դրամից մոտ 90 մլն դրամն էլ ներդրումային ֆոնդի դրամային հաշիվներին առկա գումարի մնացորդն է:

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:

Կառավարությունը դեռևս 2020 թվականին սահմանել է, որ ֆոնդի գործունեությունը պետք է տևի առավելագույնը 10 տարի՝ առաջին հինգ տարում ներդրումների իրականացմամբ, իսկ հաջորդ հինգ տարում՝ ակտիվների իրացմամբ։ Այժմ այս փուլն արդեն մեկնարկել է, և նոր ներդրումներ այլևս չեն իրականացվում։

2021-2023 թվականներին ֆոնդը մոտ 6․6 մլրդ դրամի ներդրում է կատարել տասը մասնավոր ընկերություններում, ինչպես նաև մոտ 2․97 մլն դոլար ներդրել է ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում ։ 2025-2026 թվականներին արդեն իրականացվել է ներդրումների մի մասի վերադարձ՝ 3․61 մլրդ դրամի չափով։

Պետգույքի կառավարման կոմիտեն փետրվար-մարտ ամիսներին շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, ըստ որի՝ այդ 3․7 մլրդ դրամը պետբյուջե մուտքագրվելուց հետո նախատեսվում է դրամաշնորհի ձևով փոխանցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին՝ ԱՆԻՖ-ին։ Սակայն այդ միջոցները չեն մնալու ԱՆԻՖ-ի տնօրինության տակ, այլ օգտագործվելու են պարտավորությունների մարման համար։

ԱՆԻՖ-ը 2025 թվականի հոկտեմբերից գտնվում է լուծարման գործընթացում, որի մասին որոշումը կայացվել է ավելի վաղ։ Լուծարման շրջանակում ձևավորվել է պարտատերերի շրջանակ, որոնց թվում են ՀՀ վարչապետի աշխատակազմը և Էկոնոմիկայի նախարարությունը՝ յուրաքանչյուրն ունենալով 1․8 մլրդ դրամի պահանջ, ինչպես նաև «ԱՌՖԻ» ՓԲԸ-ն՝ 100 մլն դրամի պահանջով ։ Ընդհանուր պարտավորությունը կազմել է 3․7 մլրդ դրամ։

Վարչապետի աշխատակազմին պարտքը առաջացել է 2022 թվականի դրամաշնորհային ծրագրից, որի շրջանակում կատարված աշխատանքները չեն ընդունվել, իսկ Էկոնոմիկայի նախարարության փոխանցած միջոցների օգտագործման հաշվետվությունները չեն համապատասխանել պայմանագրային նպատակներին, ինչի հետևանքով գումարները հաշվառվել են որպես պարտք։

ԱՆԻՖ-ը 100 մլն դրամ էլ պարտք է մնացել «ԱՌՖԻ» ՓԲԸ-ին, որի սեփականատերը հենց ինքն է: 2023-ին ԱՆԻՖ-ն ու «ԱՌՖԻ»-ն կնքել են փոխառության պայմանագիր, որի հիման վրա վերջինս 2024-ին 100 մլն դրամ է հատկացրել ԱՆԻՖ-ին:

«ԱՆԻՖ-ի լուծարման հանձնաժողովը վերը նշված ընդհանուր 3․7 մլրդ դրամ պարտքը ներառել է լուծարման միջանկյալ հաշվեկշռում: Սակայն այս գումարից բացի՝ ԱՆԻՖ-ը 51 մլն դրամի պարտավորություն էլ է ունեցել: Բանն այն է, որ 2024-ին Կառավարությունը որոշել էր «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ»ֆոնդի փայերի մարում իրականացնել 1․7 մլրդ դրամի չափով և այդ գումարը պետբյուջե մուտքագրելուց հետո որպես դրամաշնորհ հատկացնել ԱՆԻՖ-ին: 51 մլն դրամն այս դրամաշնորհի չօգտագործված մասի գծով պարտավորությունն է (ըստ Պետգույքի կառավարման կոմիտեի՝ լուծարվող ԱՆԻՖ-ի դրամական միջոցների մնացորդը կազմել է 71 մլն դրամ):

Այսպիսով՝ Կառավարության որոշման նախագծով, որը կազմել է ՊԳԿԿ-ն, առաջարկվում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ»ֆոնդի փայերի հերթական մարման արդյունքում 3․7 մլրդ դրամը մուտքագրել ՀՀ պետբյուջե, ապա դրամաշնորհի տեսքով հատկացնել ԱՆԻՖ-ին: Գումարն ամբողջապես պիտի օգտագործվի՝ ԱՆԻՖ-ի վերոնշյալ պարտավորությունները մարելու համար»,-ասվում է հրապարակման մեջ:

Leave a Comment