«Արտեմիս-2»-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

«Արտեմիս-2»-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

11 ապրիլի 2026 – 11:40 AMT

PanARMENIAN.NetNASA-ի «Արտեմիս-2» առաքելության շրջանակում Լուսնի շուրջ թռիչք իրականացրած «Օրիոն« տիեզերանավը Երկիր վերադառնալուց հետո ապրիլի 11-ի՝ շաբաթ գիշերը, բարեհաջող վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի մերձակայքում։

NASA-ի YouTube-ի ալիքով վայրէջքի ուղիղ հեռարձակմանը հետևել է ավելի քան երեք միլիոն մարդ։ Ուղիղ եթերը հեռարձակվել է նաև տիեզերական գործակալության այլ հարթակներով, հայտնում է Deutsche Welle-ն:

Լուսնային առաքելության ընթացքում սահմանվել է տիեզերքում մարդու ամենահեռու գտնվելու նոր պատմական ռեկորդը. աստղագնացները Երկրից հեռացել են 407,000 կմ և այդպիսով գերազանցել են 1970 թվականին «Ապոլոն-13» առաքելության ընթացքում սահմանված ռեկորդը։

«Օրիոն» տիեզերանավը, որի անձնակազմում եղել են NASA-ի աստղագնացներ Ռիդ Ուայսմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Քուկը, ինչպես նաև Կանադական տիեզերական գործակալության աստղագնաց Ջերեմի Հանսենը, մեկնարկել է ԱՄՆ-ի արևելյան ափից ապրիլի 1-ին։ Հինգ օր անց՝ ապրիլի 6-ի երեկոյան, «Արտեմիս-2» առաքելության անձնակազմն ավարտել է Լուսնի դիտարկման փուլը և սկսել է վերադարձը դեպի Երկիր։

Բացի այդ, առաքելության մասնակիցները փորձարկել են նոր սկաֆանդրներ, որոնք ունակ են ինքնավար ռեժիմում շնչառություն ապահովել մինչև վեց օր։

Leave a Comment