Շիրակում վթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է

Շիրակում վթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է

11 ապրիլի 2026 – 11:19 AMT

PanARMENIAN.Net – Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է․ նրանք միացված են արհեստական շնչառության սարքերին։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նրա խոսքով՝ 8-ամյա աղջկա առողջական վիճակը ևս ծանր է, իսկ 28-ամյա կնոջ վիճակը՝ ծայրահեղ ծանր։

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված տուժածները, անհրաժեշտ առաջնային բուժօգնություն ստանալուց հետո, շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են երևանյան բուժհաստատություններ։

«Այս պահին իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ։ Մեկ չափահաս տուժած ուղղաթիռով է տեղափոխվել Երևան։ Մարզային բուժկենտրոնում բուժօգնություն է շարունակում ստանալ ևս մեկ քաղաքացի․ նրա առողջական վիճակը դեռևս ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է առողջապահության նախարարության խոսնակը։

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայության տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել է 6 մարդ։

Leave a Comment