Աֆղանստանի Հերաթ նահանգում անհայտ զինված անձինք մոտոցիկլետներով կրակ են բացել Ինջիլ շրջանի այգում հանգստացողների վրա՝ սպանելով յոթ մարդու։ Այս մասին հաղորդում է Ariana News-ը՝ հղում անելով Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Մատին Կանիին։
Դեպքը տեղի է ունեցել Գաբարզուն գյուղում։ Ականատեսների խոսքով՝ հարձակվողները նախ տղամարդկանց բաժանել են ամբոխից և սպանել նրանց կանանց և երեխաների աչքի առաջ։ Փախուստի փորձ կատարած կանայք նույնպես զոհվել են։ Ըստ տեղեկությունների՝ զոհերի թվում կան երեխաներ։
Ըստ տեղեկությունների՝ զոհվածներն ու վիրավորները ուխտագնացության էին մեկնել Սեյեդ Մոհամմադ Աղայի շիական սրբավայր և ժամանակ էին անցկացնում տեղի այգում։ Հարձակման համար դեռևս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։