Իրանն ապացուցեց՝ թշնամու բանակի բյուջեն, սպառազինությունը բավարար չեն հաղթանակի հասնելու համար. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Իրանի դեմ սանձազերծված պատերազմի առանձնահատկություններին և այդ երկրի դիմակայունությանն է անդրադարձել.

«Բժշկության մեջ կա ցավին դիմանալու շեմի հասկացություն, որը զանազան անձանց մոտ տարբեր է և անկախ ֆիզիկական ուժից։ Այս երևույթը երկրների պարագայում, միգուցե, պետք է կոչել դիմակայունության շեմ։ Իրանի դեմ պատերազմն, իրականում, հենց ցավին դիմանալու կամ դիմակայունության շեմերի պայքար էր, այլ ոչ թե՝ ո՞ւմ ռումբն էր ավելի խոշոր և մահաբեր, կամ թե ո՞ւմ բանակն ավելի մեծ բյուջ և ավելի տեխնոլոգիական զենքեր ուներ։

Ցավոք, սրտի, մեզանում ընդհանրապես չի քննարկվում այն հարցը, թե ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել, որ թեկուզ միայն պատերազմի սպառնալիքով հնարավոր է դարձել զիջումներ կորզել մեր երկրից, և ի՞նչ պետք է անել այն բարձրացնելու համար։ Ի տարբերություն մեզ, որ գրեթե «աստվածացրել» էինք ինչ-որ «Բայրաքթարներ», Իրանում ոչ ոք չէր կարող «աստվածացնել» աշխարհի ամենատեխնոլոգիական և թանկ ամերիկյան ինքնաթիռները կամ հրթիռները։

Իրանի «աղքատ» ԶՈւ-երը, փաստացիորեն, մեկ անգամ ևս ապացուցեցին, որ արդի պատերազմներում թշնամու բանակի բյուջեն, սպառազինությունը և մնացյալ բոլոր առավելությունները բավարար չեն հաղթանակի հասնելու համար, եթե պատերազմը կառավարվում է օբյեկտիվորեն ավելի հզոր թշնամու դեմ գործելու ասիմետրիկ ռազմավարական մտածելակերպով և աննկուն կամքով, որոնց բացակայությունը մեր պատերազմի պարագայում խայտառակ տապալում էր»։

Leave a Comment