«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն այսօր հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց համագործակցությունը։
Անկեղծ ասած, ի սկզբանե, նրանց համագործակցության մասին հայտարարությունը որքան ականջ էր շոյում, այնքան էլ զարմանալի էր։ Խրախոսելի էր, որ երկու կիրթ, գիտակից և իրենց գործին տիրապետող գիտակից մարդիկ որոշել են միասին գնալ առաջ։ Միևնույնժամանակ զարմանալի էր, որ 2 ուժեղ լիդեր համաձայնվել են հանդես գալ միասնական ուժով։
Այնպես որ, այն, ինչ տեղի ունեցավ նրանց առաջին հայտարարությունից մեկ ամիս 10 օր հետո՝ կարելի էր կանխատեսել։
Ըստ որոշ տեղեկությունների, նրանց երկուսի ամբիցիաները թույլ չեն տվել երկար համագործակցել։ Բացի այդ, ասում են, Թաթոյանը չի պատրաստվել ցուցակում ընդգրկել Չալաբյանին։
Ամեն դեպքում, երևույթը տհաճ է․ ստացվում է, երկրի ճակատագրով մտահոգ թվացող քաղաքական երկու ուժեղ գործիչ, իրականում հետաքրքրված են ոչ թե հայրենիքի լինել-չլինելու, այլ առաջին դեմք լինելու հարցով։ Նրանցից ոչ մեկը և ոչ էլ մյուսը, ըստ էության, չկարողացան պայքարել իրենց ամբիցիաների դեմ և անգամ չփորձեցին զիջել մեկը մյուսին՝ մոռանալով, որ առաջնահերթությունը պետք է տալ ոչ թե ցուցակում ընդգրկվել-չընդգրկվելուն, այլ երկիրը փրկելուն։ Համենայնդեպս պետք է փորձեին փրկել, իսկ դա կհաջողվեր միայն միասնական լինելու դեպքում։
Այլ կերպ ասած՝ այս երկուսը միավորվել էին ոչ թե հայրենասիրական գաղափարախոսության, այլ աթոռին տիրելու խնդրի շուրջ։
Մյուս կողմից էլ, լավ է, որ նրանք շուտ ցույց տվեցին իրենց դեմքը, քանի որ բազմաթիվ համախոհներ կարող էին հավատալ, թե՝ Չալաբյանն ու Թաթոյանն իսկապես այն ուժն են, ում պետք է վստահել և տալ իրենց քվեն։ Իսկ հիմա պարզ է՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը փոշիացնելու են ձայները, այնպես, ինչպես շատ մանր-մունր կուսակցություններ։
Մի խոսքով, այս կիսատ-պռատ և չստացված համագործակցության հետևանքով «ՀայաՔվե»-ի Չալաբյանը տանուլ տված Հայի-Քվեն, և Թաթոյանի «Միասնության թևեր»-ից պոկվեցին թևերը, առանց որոնց ո՛չ առաջ կգնան, ո՛չ էլ վերև կթռչեն։
Արմինե Մկրտումյան